ԱԺ-ում քննարկվել է Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող մի շարք փոփոխություններ
«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 27-ի նիստում:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշել է, որ առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում Կառավարության կողմից արդեն իսկ ընդունված որոշման համար կապահովվի նման որոշում ընդունելու համար օրենքով սահմանված լիազորող հստակ նորմի առկայությունը:
Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ պարբերությամբ սահմանված լրավճար վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ըստ փոխնախարարի` բարձրլեռնային բնակավայրերի շարքին են դասվում ծովի մակերեւույթից 2000 եւ ավելի մետր բարձրության վրա գտնվող բնակավայրերը, որոնց ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը: Հանձնաժողովականները նախագծին տվել են դրական եզրակացություն:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է սահմանել «հարկադիր աշխատանք» եւ «պարտադիր աշխատանք» եզրույթները, ինչպես նաեւ «պարտադիր կամ հարկադիր» աշխատանք չհամարվող աշխատանքների շրջանակը: Պարտադիր կամ հարկադիր աշխատանք է համարվում որեւէ ձեւի հարկադրանքի գործադրմամբ կամ գործադրման սպառնալիքի տակ անձից պահանջվող կամ անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանքը կամ ծառայությունը, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը:
Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է ՀՀ օրենսդրությամբ: Քննարկման արդյունքում նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն: