VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ լուրեր տարածվեցին այն մասին, որ անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գեւորգյանը հնարավոր է՝ առաջիկայում նշանակվի ՀԱՊԿ քարտուղար: Այս լուրերն առաջին հայացքից անհավանական են թվում, քանի որ
Արմեն Գեւորգյանն իր ողջ կարիերայի ընթացքում զինվորական պաշտոն երբեւէ չի զբաղեցրել: Բայց մյուս կողմից էլ Հայաստանում ամեն ինչ հնարավոր է: Ուստի առաջիկա օրերին պարզ կդառնա, թե նշված լուրերը որքանով են իրատեսական»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում պաշտոնանկ կարվեն որոշ մարզպետներ, գրեթե վճռված է 2-ի՝ Արարատի եւ Արմավիրի մարզպետների հարցը, քննարկվում է նաեւ Սյունիքը։ Արարատի մարզպետ
Ռուբիկ Աբրահամյանին, ըստ ամենայնի, կփոխարինի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, որն իր տեղը զիջելու է դաշնակցական Արծվիկ Մինասյանին։ Աբրահամյանի պաշտոնանկությունը պայմանավորված է Հովիկ Աբրահամյանի գործոնով, մարզպետն Արգամիչի «մարդն» է, մարզպետարանն էլ ավելի շատ ԲՀԿ-ականներով է համալրված, քան ՀՀԿ-ականներով։ Ռ․ Աբրահամյանին են նաեւ վերագրում որոշ համայնքներում ՀՀԿ ձախողումը սեպտեմբերի 18-ին»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունը ցանկանում է հավասարակշռություն մտցնել ՀՀ-ում արտաքին քաղաքական ազդեցության մեջ՝ այդ առումով 2 կարևոր նախարարություններից մեկում՝ ԱԳՆ-ում կամ ՊՆ-ում նախարար նշանակել ոչ ռուսական ազդեցություն կրող գործչի։ Ներկայումս երկու նախարարներն էլ համարվում են «ՌԴ-ի մարդը»։ Մամուլում հրապարակվել է, որ նախագահի աշխատակազմի ղեկավար
Վիգեն Սարգսյանն առաջիկայում նշանակվելու է պաշտպանության նախարար։ Հիշեցնենք, որ մինչ այդ լուրեր էին շրջանառվում, թե նա նշանակվելու է ԱԳ նախարար։ Իշխանական կուլիսներում խոսվում է, որ
Էդվարդ Նալբանդյանը կարողացել է ՌԴ-ի միջոցով իր վերանշանակվելու հարցը լուծել, և հիմա
Սերժ Սարգսյանը ցանկանում է պաշտպանության նախարար նշանակել Վիգեն Սարգսյանին, որը ռուսական ազդեցությունը չի կրում, եթե, իհարկե, այս ընթացքում Սեյրան Օհանյանը չկարողանա իր հարցը լուծել կրկին նույն ՌԴ-ի միջոցով»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀԿ-ն փորձել է աննախադեպ հանրահավաք անցկացնել Սեւանում։ Մի շարք գյուղապետեր ավտոբուսներով համագյուղացիներին տեղափոխել են Սեւան։ Գեղարքունիքի մարզպետ
Ռաֆիկ Գրիգորյանը մինչեւ անգամ Կոտայքի մարզից է «օգնություն» կանչել․ ցուցարարների շարքերում տեսել են Սոլակի գյուղապետին։ ՀՀԿ-ն այստեղ պաշտպանում է անկուսակցական
Սարգիս Մուրադյանին՝ Սեւան ազգային պարկի փոխտնօրենին, որի մասին գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն ասել էր, թե Սեւանում չի ապրել, Լճաշեն գյուղից է, ընտրություններից 1 տարի առաջ գրանցել են Սեւանում։ ԱԺ արտահերթ նիստի կեսից երեկվա հանրահավաքին են շտապել նաեւ
Էդուարդ Շարմազանովը, նախկին ՕԵԿ-ական
Կարեն Բոթոյանը։ Շարմազանովը կոչ է արել ընտրել Մուրադյանին՝ իր համակուրսեցուն։ Սոլակի համայնքապետն էլ իր ներկայությունը բացատրել է «անձնական գործերով»»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթից կլրանա 20-օրյա ժամկետը, որի ընթացքում պետք է Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության կաբինետն ամբողջությամբ ձեւավորվի: Նոր կառավարության շուրջ ծավալված քննարկումներում կարեւորագույն թեման ՀՀ պաշտպանության նախարարի հարցն է: Հիշեցնենք` կառավարության արձակվելուց անմիջապես հետո «Ժողովուրդ» օրաթերթը 09.09.2016թ. իր համարում տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը չի վերանշանակվի իր պաշտոնում: Այնուհետեւ լուրեր տարածվեցին այն մասին, որ Օհանյանը նշանակվելու է ՀԱՊԿ քարտուղար: Սակայն հետագայում ինքը՝ Օհանյանը, հերքեց ՀԱՊԿ քարտուղար նշանակվելու տարբերակը, ինչը շատ գործիչների մոտ տպավորություն ստեղծեց, թե նա մնալու է իր պաշտոնում: Սակայն երեկ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայր է հրավիրել Սեյրան Օհանյանին` ապագայի մասին զրուցելու: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ երկու պաշտոնյաների մոտ երկուժամյա հանդիպման արդյունքում որոշում է կայացվել, որ Սեյրան Օհանյանն այլեւս չի վերանշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում: Թե ինչով կզբաղվի Սեյրան Օհանյանը, «Ժողովուրդ»-ին դեռեւս պարզել չհաջողվեց»: