28.11.2024
«Միր» քարտերի սպասարկման վերաբերյալ որոշումը ՀՀ բանկերն ինքնուրույն կկայացնեն․ ԿԲ
prev Նախորդ նորություն

Հայ ժողովուրդը պետք է շարունակի մնալ միասնական, միակամ ու միաբան. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:


«Սիրելի հա´յ ժողովուրդ


Հազարամյակների թոհուբոհը հաղթահարած, պատմության քառուղիներում երբեմն պետականությունը կորցրած ու այն վերակերտած հայ ժողովրդի բնօրրանը՝ Հայաստանի Հանրապետությունը, 31 տարեկան է։


Ազգային-ազատագրական դարավոր պայքարի և պատմության ընթացքում հանձն առած զոհողությունների ամենաթանկ ձեռքբերումն է անկախ պետականությունը։


Եվ այսօր հայոց պետականությունը կանգնած է ազգային ինքնությանն ու լինելիությանը սպառնացող լուրջ վտանգների առջև։ Համազգային իղձերի հանգուցալուծումների մարտավարություններում հայ ժողովուրդը պետք է շարունակի մնալ միասնական, միակամ ու միաբան:


Սեպտեմբերյան վերջին իրադարձությունները հայ-ադրբեջանական սահմանին մեկ անգամ ևս փաստեցին, որ աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի իրավիճակին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար առաջնային ու կարևոր գործոն պետք է հանդիսանան համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը։


Խոնարհումս Արցախյան բոլոր պատերազմներում և ՀՀ սահմանների պաշտպանության համար հայրենի հողը իրենց արյամբ սրբագրած քաջորդիների հիշատակին։


Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ Հայաստան աշխարհին և ողջ հայությանը մաղթում եմ կայուն ու ապահով խաղաղություն և բարեկեցություն։


Աստված ապավեն հայկական պետականությանը»,- նշված է ուղերձում։