25.11.2024
Կառավարության կառուցվածքային փոփոխությունները՝ ԱԺ արտահերթի օրակարգում
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Կառավարությունում կադրային փոփոխությունների երկրորդ ալիքն ավելի ուժգին է լինելու

VERELQ-ը ներկայացնում է այսօրվա մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում անցկացվող շինարարական մրցույթներին ներկայացվող տեխնիկական եւ ֆինանսական պահանջներն այնքան բարձր են, որ հայաստանյան ոչ մի ընկերություն միայնակ չի կարողանում դրանց մասնակցել: Արդյունքում` ՀՀ շինարարական կազմակերպությունները, որոնք հարյուրավոր աշխատատեղեր են ապահովում, կանգնում են սնանկացման եւ փակման եզրին: Իրավիճակից լավագույնս օգտվում են երկրի օլիգարխները, որոնք, չմասնակցելով մրցույթներին, կարողանում են շահել: Մեխանիզմն այսպիսին է․ մրցույթը շահում է արտասահմանյան ընկերությունը, որն իրականում ոչ մի աշխատանք չի կատարում, գործը հանձնում է ենթակապալառու ընկերությանը: Այսպես․ «Հյուսիս-հարավի» շրջանակներում Շիրակ-Արգավանդ ճանապարհը կառուցելու մրցույթում փաստացի հաղթել է իտալական «Սերենիսիմա Կոստրուկցիոնի» ընկերությունը, սակայն այն կառուցում է Գագիկ Ծառուկյանը: «Հյուսիս-հարավի» մի մասն էլ կառուցում է «Տեր-Հայրապետյանշին» ՍՊԸ -ն, որի անունը կապվում է տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, որն առանց այդ էլ սեփականաշնորհել է Էրեբունի վարչական շրջանի շինաշխատանքները, այժմ որոշել է ընդլայնել բիզնես շրջանակները դեպի հյուսիս եւ հարավ: Մեր տեղեկություններով` Տրանշ 2-ով նախատեսված Դավթաշեն-Աշտարակի մայրուղի ճանապարհը կառուցելու մրցույթի ելքն արդեն իսկ կանխորոշված է, այս հատվածը եւս փաստաթղթերով կտան չինական ընկերության, սակայն այն իրականում կկառուցի Թոխմախի Մհերը: Իսկ հետո զարմանում ենք, թե ինչու մարդիկ Հայաստանում բիզնես չեն անում, եղածներն էլ փակում են ու արտագաղթում»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու մահվանից հետո ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը դադարեցրել են քարոզարշավը, սակայն «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով ԲՀԿ-ն ցանկանում է մասնակցել Գյումրու քաղաքապետի ընտրություններին։ Այս օրերին աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Նաիրա Զոհրաբյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց, որ ԲՀԿ-ն հակված է Վարդևան Գրիգորյանի գլխավորած ավագանու ցուցակով մասնակցել հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Եթե որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան կապակցությամբ Վարդևան Գրիգորյանը որոշի չմասնակցել այդ ընտրություններին՝ կուսակցությունն առհասարակ չի մասնակցի այդ ընտրություններին։ Նաիրա Զոհրաբյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում շտապել և Վարդևան Գրիգորյանի փոխարեն որոշում կայացնել, այնուամենայնիվ, կարծում է, որ «հանուն իր որդու՝ Արշակի, Վարդևան Գրիգորյանը պետք է շարունակի պայքարը Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար»։ Հիշեցնենք, որ այսօր լրանում է հոկտեմբերի 2-ին կայանալիք ավագանու ընտրություններում ինքնաբացարկ ներկայացնելու համար վերջնաժամկետը»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բացառված չէ, որ նոր ձևավորվող կառավարությունում Դաշնակցությունը, պահպանելով իր ունեցած քվոտան, կորցնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Մեր տեղեկություններով՝ Արծվիկ Մինասյանը կարող է նշանակվել բնապահպանության նախարար։ Ներկայումս այդ հարցը քննարկվում է Դաշնակցություն կուսակցության վերնախավի ու իշխանությունների միջև։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ կառավարության նիստի ժամանակ Կարեն Կարապետյանի ու Արծվիկ Մինասյանի միջև թեթև վիճաբանության տեղի ունեցավ, որից հետո կարծիքներ էին շրջանառվում, թե վարչապետը չի ցանկանում էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նրան տեսնել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կ. Կարապետյանը ցանկանում է տնտեսական ոլորտի նախարարություններում իր համար վստահելի մարդկանց նշանակել։ Ներիշխանական պայմանավորվածությունների համաձայն՝ Դաշնակցությունը կառավարությունում ունենալու է երեք պորտֆել»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը հայտարարագրել է 1 մլն դրամ դրամական միջոց: Հիշեցնենք, որ վերջինս մինչ այս զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը: Նա անցած տարեսկզբին ունեցել է 3 մլն դրամի փոխառություն, սակայն տարվա ընթացքում հանձնել է 52 հազար դոլարի եւ տարեվերջին վերադարձրել է նույնքան փոխառություն: Նա փոխառություններից ստացել է 817 հազար դրամի եւ 8 հազար 60 եվրոյի եկամուտ: Նրա մյուս եկամուտը՝ աշխատավարձը, ամսական կազմել է 912 հազար դրամ: Արամյանի տիկինը՝ Իզաբելլա Հովհաննիսյանը, նույնպես բավական ունեւոր է: Նա անցած տարի 3.5 մլն դրամով գնել է «Mercedes-Benz C230» մակնիշի ավտոմեքենա: Նախարարի կինն անցած տարի հանձնել է 40 հազար դոլարի փոխառություն եւ տարեվերջին հետ ստացել: Նրա դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 20 հազար եվրո եւ 40 հազար դոլար: Նա հայտարարագրել է երկու աշխատավարձ` 544 հազար դրամ եւ 16 հազար 632 եվրո: Իսկ տրված փոխառություններից ստացված տոկոսները կազմել են 1 մլն 832 հազար դրամ»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունում կադրային փոփոխությունների երկրորդ ալիքն ավելի ուժգին է լինելու, տեղեկություններ կան, որ այդ ալիքը հասնելու է նաեւ մարզեր, եւ որոշ մարզպետներ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին։ Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանն ազդարարել է նոր ծրագրի մշակման գործընթացը, սակայն տեղեկություններ կան, որ նոր ծրագրում առանձնապես հեղափոխական մոտեցումներ տեղ չեն գտնելու, քանի որ դրանք հնարավոր չէ կարճ ժամանակում՝ մինչեւ խորհրդարանական ընտրություններն իրականություն դարձնել։ Հիշեցնենք, որ կառավարության ձեւավորումից հետո, օրենքով սահմանված կարգով, 20-օրյա ժամկետում պետք է ԱԺ ներկայացվի կառավարության ծրագիրը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Հայաստանը տոնում էր Անկախության 25-րդ տարեդարձը: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զինվորական շքերթի ընթացքում աչքի զարնեց այն փաստը, որ պատվանդանում կանգնած չէին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հայտնի է, որ բոլոր նման արարողությունների ժամանակ ՀՀ նախագահի նստավայրից մշտապես հրավիրատոմսեր են ուղարկվում առաջին եւ երկրորդ նախագահներին: Եւ անկախ գործող իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքից՝ Հայաստանի Անկախության 25-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը չմասնակցելը արդեն ոչ միայն պաշտոնական, այլեւ նախկին նախագահների մարդկային որակների մասին է խոսում: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ առկա անջրպետը կարծես թե հաղթահարվել էր: Ուստի, եթե նա մասնակցեր զորահանդեսին՝ որպես առաջին գերագույն գլխավոր հրամանատար, միանգամայն տրամաբանական կլիներ: Սակայն դա տեղի չունեցավ: Իհարկե, հնարավոր է՝ առաջին նախագահը մտավախություն ուներ, որ եթե ինքը կանգնի Սերժ Սարգսյանի կողքին, ապա նրա ղեկավարած քաղաքական ուժը կարող էր «հաճախորդ» ընկալվել: Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում այս մտավախությունը չի կարող լինել, քանի որ հենց նա իր իշխանությունը փոխանցեց Սերժ Սարգսյանին, եւ նրանք արտաքուստ նորմալ հարաբերություններ ունեն միմյանց հետ, եւ բոյկոտը Քոչարյանի կողմից ամենաընդունված քայլը չէր՝ անկախ հիմնավորումներից: Այսպիսով, մեր երկրում դեռ կշարունակի մնալ կարծրատիպը, որ պետական տոների պաշտոնական արարողությունները գործող իշխանության մենաշնորհն են»: