Հայաստանը որոշում է կայացրել դիմել ՌԴ–ին, ՀԱՊԿ–ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը:
Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետեւանքով սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են: