25.11.2024
Անհրաժեշտ է պահպանել ԵԱՏՄ-ում  առկա առևտրաշրջանառության տեմպը. Փաշինյանը` Ժապարովին
prev Նախորդ նորություն

ՀՀ–ում Չինաստանի դեսպան․ Պատրաստ ենք մեր ներդրողներին ուղղորդել դեպի Սյունիք

Աշխատանքային այցով Սյունիքում է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգը․ այսօր մարզպետարանում նրան ընդունել են Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը եւ մարզպետարանի ղեկավար կազմը։


Ինչպես տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից, դեսպանն առաջին անգամ է Սյունիքում ու նշեց, որ այցելության նպատակն է քննարկել, թե ինչպես կարելի է Չինաստանի եւ Սյունիքի մարզի միջեւ համագործակցության եզրեր գտնել։


«Սյունիքը Հայաստանի Հանրապետության համար մեծ կարեւորություն ունեցող մարզ է, վերջին տարիներին մեր երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության մեջ ամենաբարձր տոկոսն ունի հանքարդյունաբերական արտադրանքը, իսկ այն արտահանվում է հիմնականում Սյունիքից», - ասել է Ֆան Յոնգը՝ հավելելով, որ սա միակ ոլորտը չէ, որտեղ կարելի է համագործակցել, ու պետք է նոր բնագավառներ գտնել։ Այս առումով դեսպանատունը պատրաստակամ է նաեւ իրենց երկրի ներդրողներին ուղղորդել դեպի Սյունիք։


Հայկ Հարությունյանը, ողջունելով դեսպանին, նշել է, որ այս բարդ ժամանակաշրջանում նրա այցը Սյունիք ավելի է կարեւորվում, իսկ ՀՀ եւ Չինաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի հիմքում, որը լրանում է այս տարի, հազարամյակների պատմական բարեկամությունն է։


Մարզային իշխանությունները բարձրաստիճան դիվանագետին են ներկայացրել այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ Սյունիքը կարող է համագործակցել չինական կողմի հետ, որոնք կարող են հետաքրքրել ներդրողներին կամ շահավետ լինել մարզի համար՝ փորձի փոխանակման առումով։


Հանդիպման ընթացքում, դիտարկելով հայ-չինական հարաբերությունների համատեքստում Սյունիքի զարգացման հնարավորությունները, քննարկվել են մի շարք ոլորտներ ու հարցեր, որոնք վերաբերում էին մասնավորապես կրթությանը, զբոսաշրջությանը, ճանապարհաշինությանը, այլ ենթակառուցվածքների, քույր քաղաքների ինստիտուտի գործարկմանը, տեղական ինքնակառավարմանը, սյունիքյան տեղական ապրանքատեսականու արտահանմանը եւ այլն։


Նշվել է, որ հանդիպման հիմնական առանցքը փոխգործակցության մասին մտքերի փոխանակումն էր, իսկ հետագայում առավել նեղ մասնագիտական խմբերով կողմերը կանցնեն դրանք խորացնելու գործնական քայլերի։