Արցախի խորհրդարանի ուժերի ղեկավարները հանդիպեցին ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ
Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները դիմել էին Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ղեկավարությանը՝ հանդիպելու նպատակով։
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:
Հանդիպման շարժառիթը ՀՀ-ում ՌԴ դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի՝ վերջերս արված հայտարարությունն էր, ինչպես նաև օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտումն ու անվտանգային հարցերը։
Այսօր ՝Օգոստոսի 23-ի առավոտյան, տեղի է ունեցել ԱՀ խորհրդարանական 5 ուժերի ղեկավարների հանդիպումը ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։
Հանդիպման ընթացքում վերոնշյալ հարցերի շուրջ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատուների կողմից տրվել են պարզաբանումներ։ Մասնավորապես հղում կատարելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշվել է, որ նոր երթուղին ունենալու է նույն միջանցքի կարգավիճակը, և պահպանվելու են բոլոր անվտանգային բաղադրիչները՝ սկսած 5 կմ-ոց անվտանգային գոտուց մինչև ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետերի տեղակայում։
Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավար անձնակազմը նշել է, որ օգոստոսյան դեպքերի հետ կապված կատարել են անհրաժեշտ եզրահանգումներ, միաժամանակ վստահեցրել են , որ լրացուցիչ ջանքեր կգործադրեն՝ ապագայում նմանօրինակ խախտումները կանխելու և մեր բնակչության պատշաճ անվտանգությունը ապահովելու համար։