24.11.2024
ԱԻՆ ղեկավարը պարզաբանել է, ինչու չի մասնակցում ՀԱՊԿ երկրների համաժողովին
prev Նախորդ նորություն

Սիրիայի կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ շփումները. դեսպան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 19-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:


Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ չնայած առաջիկայում նշվելու է Հայաստանի և Սիրիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ երկու երկրների ու ժողովուրդների միջև փոխգործակցությունն ու բարեկամական շփումները հարյուրավոր տարիների պատմություն ունեն:


«Մեծարգո՛ տիկին դեսպան, ուրախ ենք Ձեզ կրկին ողջունելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Սիրիան Հայաստանի բարեկամ երկիրն է, ուստի մենք պետք է առավել խորացնենք շփումները մեր գերատեսչության գործունեության շրջանակում գործող ոլորտներում՝ ամրապնդելով արդեն իսկ գոյություն ունեցող կապերը և նախաձեռնելով նոր ծրագրեր»,- ասել է փոխնախարարը և ընդգծել արաբական պետությունում գործող հայկական մեծ և ակտիվ համայնքի առկայության փաստը:


Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ սիրիական կողմը նույնպես շահագրգռված է հայ-սիրիական համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում զարգացնելու և ակտիվացնելու առումով:


«Իսկապես, քննարկելու և նոր նախաձեռնություններ սկսելու թեմաներ շատ կան: Վերը նշված բոլոր ուղղություններով ակտիվորեն աշխատելու հետաքրքրվածությունը մեծ է: Մենք պատրաստակամ ենք հանդիպելու ոլորտի պատասխանատուների հետ և քննարկելու հետագա փոխգործակցության հնարավոր բոլոր եզրերը»,- նշել է դեսպանը և ավելացրել, որ հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ ԳԱԱ և Երևանի պետական համալսարանի ղեկավարության հետ, զրուցել արևելագիտության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի շուրջ՝ ձեռք բերելով պայմանավորվածություններ:


Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ նոր նախաձեռնությունների մեկնարկը կարելի է սկսել հայագիտության ոլորտում ծրագրերի ներդրմամբ, ինչին կարող է նպաստել նաև Սիրիայի հայ համայնքը:


«Հայաստանը գտնվում է քաղաքակրթությունների խաչմերուկում, ինչի արդյունքում մեր երկրի ամենատարբեր բնագավառներում կիրառվում են և՛ եվրոպական, և՛ ասիական մոդելներ: Այդ իսկ պատճառով տարբեր մոդելների տեղայնացման առումով մենք բավականին մեծ փորձ ունենք, ուստի ցանկության դեպքում կարող ենք Սիրիայի մեր գործընկերներին ներկայացնել մեր փորձն ու գիտելիքները»,- ասել է փոխնախարարը:


Արտակարգ և լիազոր դեսպանը վստահեցրել է, որ Սիրիայի կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ շփումները և հետաքրքրված է նաև փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերով:


Արթուր Մարտիրոսյանը զրույցի ընթացքում ներկայացրել է նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտում իրականացվող մի շարք ծրագրեր: