«Սուրմալու»-ի պայթյունից տուժածներն ու զոհվածների ընտանիքներն աջակցություն կստանան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կան քննարկումներ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած անձանց համար պետական աջակցության ծրագիր իրականացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը:
«Նախարարությունում այս պահին կան քննարկումներ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած անձանց համար պետական աջակցության ծրագիր իրականացնելու ուղղությամբ։
Միջոցառման շահառուների հստակ շրջանակի, աջակցության ձևաչափի և այլնի մասին՝ կտեղեկացնենք լրացուցիչ, երբ ունենանք առավել հստակ պատկեր», - ասել է Զառա Մանուչարյանը։
Հարցին, թե արդյո՞ք կլինի նաև աջակցություն պայթյունից տուժած տնտեսվարողներին՝ Զառա Մանուչարյանը տեղեկացրել է, որ այդ հարցը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լիազորությունների շրջանակից դուրս է։