Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է
2022թ. օգոստոսի 15֊ին, ժամը 22:26-ին, ժամը 22:42-ին և ժամը 22:55-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն զանգահարել է մի քաղաքացի և տեղեկություն փոխանցել այն մասին, որ 25 րոպեի ընթացքում պատրաստվում է պայթեցնել ՀՀ Ազգային ժողովի շենքը, կպայթեցնի ազգային տեսչությունը և հարկայինի շենքը:
Բացի այդ, 2022թ. օգոստոսի 16-ին ժամը 12:06-ին և ժամը 12:08-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն նույն հեռախոսահամարից անձը կրկին տեղեկատվություն է հայտնել այն մասին, որ 5 «էկվադիտ» է տեղադրել հարկայինի մոտ և եթե 20 րոպեում իրեն չմոտենան, իրեն շենքի հետ միասին կպայթեցնի:
Հիշյալ ահազանգերն ստուգելու նպատակով ոստիկանության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Շիրակի վարչության աշխատակիցները տարհանվել են, ոստիկանության ու ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցների կողմից կատարվել են ստուգուման միջոցառումներ, որի արդյուքնում պարզվել է, որ հայտնված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Դեպքերի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ տեղեկություններ հայտնող անձը Գյումրի քաղաքի բնակիչ Ջ.Ս.-ն է, ով նույն օրը՝ օգոստոսի 16-ին, երեկոյան, ձերբակալվել է:
Հսկող դատախազի կողմից օգոստոսի 17-ին որոշում է կայացվել Ջ.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում հարուցելու մասին՝ այն բանի համար, որ նա հայտնել է ահաբեկչության մասին սուտ տեղեկություն, ինչի արդյունքում ստեղծվել է սարսափի մտնոլորտ, առաջացել խուճապ, որը տևական ժամանակ կազմալուծել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Շիրակի վարչության գործունեությունը:
Օգոստոսի 18-ին նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը նույն օրը բավարարվել է:
Հաշվի առնելով վերջին շրջանում նմանատիպ բնույթի կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքերի աճը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ հաղորդակցության ցանկացած միջոցով ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելու փորձերից, որոնք ժամանակավորապես կազմալուծում են կոնկրետ հաստատությունների բնականոն աշխատանքը, ստեղծում հասարակական միջավայրում վախի, խուճապի տրամադրություններ, խաթարում հասարակական կյանքի կենսագործունեությունը: Բոլոր նման դրսևորումները, լինելով քրեորեն պատժելի, ենթարկվելու են մանրակրկիտ քննության: Ձեռանրկվելու են բոլոր միջոցները՝ այդ թվում նաև անհրաժեշտության դեպքում կիրառելով քրեական վարույթներով իրավական փոխօգնության իրավական ընթացակարգերն ու միջազգային համագործակցության լծակները, հանցավորներին հայտնաբերելու և անխուսափելիորեն քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: