25.11.2024
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ
prev Նախորդ նորություն

Կրակոցներ Էջմիածնում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Օգոստոսի 18-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Արմավիրի մարզում:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Գնունյանց փողոցում ավտոմեքենաներ են բախվել:

Նշված վայրից 2 հոգու հրազենային վնասվածքներով շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ «յաշիկ», որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր:


Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «յաշիկի» վրա կրակոցներ են արձակել Էջմիածին քաղաքի Աբովյան փողոցում ու «յաշիկի» վարորդը վիրավոր վիճակում մեքենան վարել է դեպի հիվանդանոցի ուղղությամբ, որտեղ էլ տեղի է ունեցել վթարը: Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:


Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրում «յաշիկի» մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ ավտոմեքենայի մեջ՝ արնանման հետքեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև մահացածի, վիրավորի և վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը: 


Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածի հայրը ոստիկանության նախկին աշխատակից է եղել: