24.11.2024
Կենտրոնական բանկն ավելացնում է կուտակային միջոցների ռիսկայնությունը. տնտեսագետ
prev Նախորդ նորություն

Ապրում ենք աղետի մեջ. անվտանգությունը պետք է դառնա հանրային տոտալ պահանջ. Հովհաննիսյան

Հայաստանը գտնվում է ներքին անկայունության շատ վտանգավոր փուլում։ Պայթյուններ, հրդեհներ, ահաբեկչական ահազանգեր, տարհանումներ, փլուզումներ, խոշոր վթարներ. սա արդեն մեր կենցաղն է։ Ամենօրյա լրահոսը լի է հանրային տագնապով և սահմռկեցուցիչ վթարներով։ Այս մասին գրում է "Այլընտրանքային նախագծեր խմբի" անդամ Վահե Հովհաննիսյանը.


"Սա ունի երկու խորքային պատճառ։ Նախ՝ մենք չենք կարողանում փակել պատերազմի էջը։ Դա հնարավոր է միայն նոր իշխանության ձևավորման և երկրում նոր մթնոլորտի հաստատման դեպքում։ Պատճառներից երկրորդը պետական ինստիտուտների գործունեության խայտառակ ցածր որակն է, որ մոտենում է ներքին անկառավարելիության աստիճանին։ Բացի այն, որ համակարգը լցվել է անգիտելիք յուրայիններով, պետական համակարգի և պետական ինստիտուտների առաջ դրվում է բացառապես մեկ խնդիր՝ իշխանության պահպանում։


Սա շատ վտանգավոր փուլ է, որը պահանջում է զգոնություն, զսպվածություն և խորքային լուծումներ։ Միաժամանակ ուզում եմ ընդգծել փրկարար և այլ հատուկ ծառայությունների անձնակազմերի անձնուրաց, անձնազոհ աշխատանքը։


Կա մի այլ սուր խնդիր, որն իր մեջ հսկայական ռիսկեր է պարունակում։ Թե´ մինչև 2018-ը, թե´ 2018-ից հետո քաղաքում տրվել են, բառիս բուն իմաստով, մահաբեր շինթույլտվություններ։ Կառուցվում են շենքեր՝ առանց անվտանգության որևէ նորմի պահպանման։ Հենց հիմա Երևանում կառուցվում են շենքեր, որոնք վաղը կարող են դառնալ խոշոր աղետների հասցեներ։ Ամեն նեղ անկյունում խցկված են բազմաբնակարան, բազմահարկ շենքեր. Աստված չանի՝ վաղը մի բան լինի, ասելու են՝ ինչո՞ւ այսպես եղավ։


Լինի մի պարզ լրագրողական հետաքննություն՝ հենց հիմա կառուցվող շենքերի, շինությունների շուրջ, ու մենք կպատկերացնենք, թե ինչ ռիսկերի առաջ ենք։ Սուրմալուի ողբերգությունը պիտի դառնա մեծ ահազանգ ու ցավոտ խթան՝ ստուգելու և վերստուգելու բոլոր կասկածելի անվտանգությամբ շենքերն ու տարածքները, անհրաժեշտության դեպքում՝ վերանայելու շինթույլտվություններն ու խստացնելու շահագործվող տարածքների անվտանգության պահանջները, գտնելու հնարավոր լուծումները։ Պետք է մոբիլիզացնել համապատասխան գիտելիք ու փորձ ունեցող մասնագետներին՝ անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական աստիճանակարգից։ Անվտանգությունը պետք է վերջապես դառնա երկրի թիվ մեկ օրակարգային հարցը։


Մենք չենք նկատում, մենք արդեն հարմարվել ենք, բայց աղետն արդեն մշտապես ապրում է մեզ հետ։ Սա նորմալ չէ։ Հերիք է այս փոքր երկրին այսքան աղետ ու մահ։ Որպես առաջին քայլ՝ անվտանգությունը՝ ներքին և արտաքին, պետք է դառնա հանրային տոտալ պահանջ, պետք է «կազմակերպել» այդ պահանջը, պետք է ձևավորվի այդ պահանջին բովանդակային, կազմակերպչական տեսք տվող քաղաքական-հասարակական շարժում, միավոր կամ մի այլ ձևաչափ, որը կբերի մեր երկիրը ներքին և արտաքին անվտանգության որոշակի կայուն մակարդակի"։