Տեսագրությունից ակնհայտ է, որ ահաբեկչությունը բացառվում է. Փաշինյան
Չկա որեւէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ դիտավորյալ հանցակազմի առկայության մասին։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Նրա խոսքով, "Սուրմալու" ԱԿ-ում տեղի ունեցած պայթյունի փաստով հարուցված քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, առկա ապացույցներն ավելի շատ վկայում են անզգուշությամբ տեղի ունեցած հանցագործության մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս, հղում անելով պայթյունի տեսագրություններին, պնդեց, թե "ակնհայտ է, որ ահաբեկչական որեւէ գործողության տրամաբանությունը բացառվում է":
«Նման դեպքից հետո առաջին հարցն ինձ մոտ ծագում է հետեւյալը՝ Կառավարությունն ի՞նչն այնպես չի արել, որպեսզի կարողանար կանխել նման զարգացումը։ Դեռեւս 2020 թվականի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո ես հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին, որ հավաքեն տեղեկատվությունը բոլոր հնարավոր այն օբյեկտների եւ ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունենք պայթյունավտանգ նյութերի հետ։ Դեպքից հետո առաջին գործողություններից մեկն այն է, որ փորձել եմ հաշվետվություն ստանալ տրված հանձնարարական վերաբերյալ։ Այդ մասով տեղեկատվությունն ամփոփվում է»,- ասաց նա ու հանձնարարեց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին ուսումնասիրել, թե իր տված հանձնարարականն ինչպես է կատարվել. «2021 թվականի գարնանը իրականացվել է ուսումնասիրություն, արձանագրվել են խախտումներ։ Ինձ անհրաժեշտ է խորքային ուսումնասիրություն»,- հավելեց նա։