Ադրբեջանում նկատելի է դժգոհություն Արցախում ծախսվող յուրաքանչյուր մանաթի առումով
Վերջին օրերի թոհուբոհում մեզանում գրեթե աննկատ մնաց Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի լկտի և սպառնալից հայտարարությունների հերթական չափաբաժինը։ Այս մասին գրում է արևելագետ Վարդան Ոսկանյանն ու շարունակում.
«Մի կողմ թողնելով դրա՝ Հայաստանին և Արցախին վերաբերող «բովանդակային» մասը, ուշագրավ է, որ հայտարարություններն արվեցին արհեստածին Ադրբեջանի կազմում հայտնված Լեռնային Շիրվանում, որի հիմնական բնակչությունը կազմում են կովկասյան պարսիկները (թաթերը)։
Առիթն՝ այժմ թյուրքալեզու դարձած կովկասյան պարսկական Բասղալ գյուղում հանգստյան համալիրի բացումն էր, որի ժամանակ Բաքվի բռնապետը խոսել է նաև այս գյուղի և Լեռնային Շիրվանի իբր զարգացման մասին։
Բանն այն է, որ արհեստածին Ադրբեջանի շատ շրջաններում և հատկապես կովկասյան պարսիկների հայրենիք Լեռնային Շիրվանում, դատելով սոցցանցային արձագանքներից, խիստ դժգոհություն կա այն հանգամանքի կապակցությամբ, որ Բաքվի բռնապետը զգալի միջոցներ է ծախսում Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես բռնազավթված տարածքների յուրացման վրա, մինչդեռ, դիցուք, վերոնշյալ տարածաշրջանը մատնված է գրեթե լիակատար անուշադրության։
Ըստ այդմ, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը նման քայլեորով փորձում է կառավարել իր ղեկավարած արհեստածին կազմավորման տարբեր վայրերում առկա էթնիկական, կրոնական, հասարակական, սոցիալական և տնտեսական դժգոհության օջախները, որոնք ունեն ռիսկայնության բարձր մակարդակ։
Այս առումով, Ադրբեջանը՝ որպես արհեստածին կազմավորում, մեղմ ասած, այնքան էլ բարվոք վիճակում չէ, որքան դա փորձում է ներկայացնել Բաքվի բռնապետսկան վարչախումբը, իսկ Արցախի բռնազավթված տարածքներում ծախսվող յուրաքանչյուր մանաթը կտրվում է առաջին հերթին հենց բուն Ադրբեջանի տարբեր շրջաններից, ինչն էլ հարուցում է արդեն իսկ նկատելի դժգոհություն»։