25.11.2024
Արցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը նպատակ ունի վերացնել եռակողմ հայտարարությամբ սահմանված կառուցակարգերը. Փաշինյան

Ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները, և, հետևաբար, գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը: Ադրբեջանի նման ձևակերպումը և հայտարարությունները նույնպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են:


Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


"Նշված հայտարարության 6-րդ կետում ասվում է (մեջբերում եմ)՝ կողմերի, այսինքն՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համաձայնեցմամբ առաջիկա 3 տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ը, կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերաբաշխմամբ, վերատեղաբաշխմամբ, այդ երթուղու պահպանության համար:


Պիտի արձանագրեմ, որ այս պահի դրությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի, և մենք մի քանի անգամ առաջարկել ենք, հիմա էլ առաջարկում ենք դա անել, այսինքն՝ հաստատել եռակողմ ֆորմատով պլան",- ասաց վարչապետը:


Փաշինյանի խոսքով, հայտարարության մեջ խոսքը ոչ թե պարզապես նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի և խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին, որը, վարչապետի խոսքով, շատ բարդ և եռակողմ գործընթաց է:


«Այս պահի դրությամբ մենք ոչ մի պլանի համաձայնություն չենք տվել, որովհետև մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել: Չնայած, պիտի ընդգծեմ, որ Հայաստանը սկսել է Կոռնիձոր-Տեղ Մ12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադրաբար պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն:


Ադրբեջանն այս օրերին շահարկում է, թե ՀՀ-ն փորձում է խուսափել այս հարցերի քննարկումներից: Սա աբսուրդ հայտարարություն է այն պայմաններում, երբ ես վերը նշված ծրագրի մասին հայտարարել եմ հրապարակային, դեռևս սույն թվականի հունիսի 27-ին իմ ունեցած առցանց ասուլիսի ընթացքում:


Ավելին՝ Ադրբեջանը ԼՂ-ում իրադրության սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ Մ12 ավտոճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց»,- ասաց Փաշինյանը:


Այս պայմաններում, Փաշինյանի խոսքով, Ադրբեջանի՝ իրադրության սրման գնալը նպատակ ունի վերացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերը: