25.11.2024
ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձևավորվել է նոր ստորաբաժանում
prev Նախորդ նորություն

Կառավարությունը 851 մլն դրամ է հատկացրել բժշկական կենտրոնների վերակառուցման համար

Կառավարությունը որոշում է ընդունել 2022թ. պետական բյուջեի կապիտալ ծախսերում վերաբաշխում կատարելու և Առողջապահության նախարարությանը 851 մլն ՀՀ դրամ գումար հատկացնելու վերաբերյալ:


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ հատկացվող գումարն ուղղվելու է հինգ բժշկական կենտրոնների կառուցմանը/վերակառուցմանը և մեկ բժշկական կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի նախապատրաստմանը: Մասնավորապես, կապիտալ հիմնանորոգվելու են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» (163 մահճակալ), Արմավիրի մարզի Վաղարշապատի (90 մահճակալ) և Արագածոտնի մարզի Աշտարակի (32 մահճակալ) բժշկական կենտրոնները, Արարատի մարզի Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլիիկական մասնաշենքը, իսկ Լոռու մարզի Տաշիրի և Կոտայքի մարզի Նաիրի բժշկական կենտրոնների համար կառուցվելու են ամբողջովին նոր շենքեր՝ համապատասխանաբար 30 և 25 մահճակալային ֆոնդով: Նաև կազմվելու է Արթիկի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը: Բոլոր բժշկական կենտրոնները հագեցվելու են անհրաժեշտ նոր սարքավորումներով և գույքով՝ մարզերի համաչափ զարգացման սկզբունքի շրջանակում հասանելի և որակյալ բուժօգնություն ապահովելու նպատակով: Որոշման ընդունմամբ կառուցման և վերակառուցման ենթակա բժշկական կազմակերպությունների թիվը կդառնա 13, որից 2-ը՝ հանրապետական նշանակության, 11-ը՝ մարզային: Նախարարը նշել է, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինեն ևս վեց բժշկական կազմակերպության նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջական փաթեթները, որոնց մի մասի շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել այս տարի, և շինարարական այս տեմպը պահպանելու դեպքում Կառավարության ծրագրով սահմանված առնվազն 50 բժշկական կենտրոնի ամբողջական վերակառուցման, վերազինման խոստումը կիրականացվի: Ա. Ավանեսյանը նաև տեղեկացրել է, որ ոլորտում առաջիկայում կապիտալ ծախսերի ուղղվածության որոշակի փոփոխություն է լինելու՝ ուշադրությունը կենտրոնանալու է առողջության առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների և ամբուլատորիաների շենքային պայմանների բարելավմանը:


Համբարձում Մաթևոսյանը հավելել է, որ Կառավարությունը, առողջապահական համակարգի զարգացման շրջանակում, հանձն է առել կարգավորել բժշկական կենտրոնների կառուցման/վերակառուցման, ֆիզիկական պայմանների բարելավման և ամբողջությամբ նոր, ժամանակակից սարքավորումներով վերազինման հարցը: «Այս պահին ևս ունենք մի շարք բժշկական կենտրոններ, որոնք գտնվում են շինարարական փուլում. Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սյունիքի մարզի Սիսիան, Արարատի մարզի Մասիս և Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ընթանում են շինարարական աշխատանքներ: Վերակառուցման է ենթարկվում հանրապետական նշանակության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը»: Սույն որոշմամբ փաստացի սկիզբ ենք դնում 2 բժշկական կենտրոնների նոր համալիրների ամբողջությամբ նոր կառուցման և 4 բժշկական կազմակերպությունների կապիտալ հիմնանորոգման աշխատանքներին, և փաստացի կունենանք 13 բժշկական կազմակերպություն, որոնք կլինեն միաժամանակ կառուցման և վերակառուցման փուլում: Ինչպես նշվեց, նախագծերում նաև ներառված է ժամանակակից սարքավորումներով վերազինման հարցը: Բացի այս ծրագրից, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է Կառավարության կողմից, ունենք նաև այլ ծրագիր, որը թիրախավորում է համայնքային ենթակայության տակ գտնվող ամբուլատորիաները, և սուբվենցիաների հայտերի միջոցով փորձում ենք այդ հարցը լուծել», - նշել է փոխվարչապետը: