Հիպոթեքային վարկավորման պետծրագրից կօգտվեն 2022թ. դիմում ներկայացրած բոլոր զինծառայողները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
Նպատակ ունենալով ընդլայնելու ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային ծրագրի շահառուների շրջանակը՝ Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկին որոշման մեջ: Ներկայացնելով նախագիծը՝ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը զեկուցել է, որ նախատեսվում է նշված ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2022թ. դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին: Որոշման ընդունմամբ 526 զինծառայողի կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022թ. հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված և այն ավարտելուց հետո պայմանագրային զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին՝ ռուհ ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում:
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, անդրադառնալով հարցին, նշել է. «Կառավարության այս որոշման նախագիծը վերաբերում է զինծառայողների համար արտոնյալ պայմաններում հիպոթեքային վարկավորման ծրագրին, որի դեպքում ձեռք բերվող բնակարանների մայր գումարի 10 տոկոսը և վարկի 7 տոկոս կազմող տոկոսադրույքի 3 տոկոսը սուբսիդավորվում են պետության կողմից: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ 2022թ. սույն ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող: Նրանցից առաջնահերթության կարգով և վիճակահանությամբ տեղեկանք է տրվել 492 զինծառայողի, իսկ այս որոշման նախագծի ընդունման դեպքում՝ մնացած 526 զինծառայողի ևս կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանքը: Նախագծի ընդունմամբ կարող ենք փաստել, որ բոլոր հաշվառված 1018 զինծառայողները հնարավորություն կունենան օգտվելու արտոնյալ պայմաններում հիպոթեքային վարկավորումից»: