ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հուլիսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփելով ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության մեկամյա գործունեությունը՝ այն դրական է գնահատել:
Ըստ նրա՝ նախորդ տարվա աշնանային նստաշրջանի օրակարգը, պայմանավորված համավարակով, զերծ է եղել քաղաքական բովանդակությունից: Սակայն ԱԺ պատվիրակության ղեկավարն ունեցել է մի շարք կարեւոր հանդիպումներ, որոնց ընթացքում ե՛ւ ԵԱՀԿ նախագահին, ե՛ւ հատուկ հարցերով ներկայացուցչին, ե՛ւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացրել է տարածաշրջանային իրականությունը, ծանոթացրել տեղի ունեցող գործընթացներին եւ խնդիրներին: Մինչ ամառային նստաշրջանն Էդուարդ Աղաջանյանը եւ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանն այցելել են Լիտվա, հանդիպել ԵԱՀԿ ԽՎ-ում Լիտվայի պատվիրակության եւ ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի զեկուցողին՝ լիտվացի պատգամավորին: Նրանց նույնպես մանրամասն ներկայացրել են մեր տարածաշրջանում տիրող իրավիճակը, իրազեկել խնդիրների մասին:
Ըստ Էդուարդ Աղաջանյանի՝ հանդիպումները եղել են բովանդակալից:
Էդուարդ Աղաջանյանը նշել է նաեւ, որ ձմեռային նստաշրջանի նիստի հենց առաջին օրը համընկել է Ուկրաինայի իրադարձությունների հետ: «Այդ պահից սկսած՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամբողջ ուշադրությունը սեւեռված էր այս կոնֆլիկտի վրա: Գործնականում, անկեղծ ասած, շատ դժվար էր որեւէ այլ հարցի վրա սեւեռել խորհրդարանական վեհաժողովի ուշադրությունը՝ այդ թվում, բնականաբար, նաեւ մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա»,- ասել է ԱԺ պատվիրակության ղեկավարը՝ վստահեցնելով, որ իրենք, այնուամենայնիվ, ելույթներ են ունեցել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների մասին, մանրամասն ներկայացրել են այն խնդիրները, որոնք դեռեւս առկա են եւ լուծման կարիք ունեն:
Կիպրոսում հայկական կողմը ներկայացրել է մեր երկրի հակակոռուպցիոն ոլորտը, խնդիրները:
ԵԱՀԿ ԽՎ ամփոփիչ ամառային նստաշրջանում ԱԺ պատվիրակությունը քաղաքական եւ մարդու իրավունքների մասին զեկույցներում ներկայացրել է երեք առաջարկություն, որը, ըստ ԱԺ պատվիրակության ղեկավարի՝ թեեւ ձայների նվազ տարբերությամբ, սակայն մերժվել է: «Սրանք վերաբերում էին տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, այն կոնֆլիկտին, որը 2020 թ. նոյեմբերի 9-ից ի վեր գործնականում շարունակվում է, եւ կան առկախված հարցեր, որոնք չենք լուծվում: Այս փոփոխությունները նպատակ ունեին միջազգային հանրության եւ ԵԱՀԿ ԽՎ-ի ուշադրությունը սեւեռելու այն առկախված խնդիրներին, որոնք մինչեւ հիմա լուծված չեն: Մենք մեր գնահատականը հնչեցրել ենք. դատապարտել ենք ԵԱՀԿ ԽՎ-ի այդ դիրքորոշումը»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը եւ հավելել, որ անընդունելի է, երբ ԵԱՀԿ ԽՎ-ն իր ուշադրությունը սեւեռել է միայն ռուս-ուկրաինական հակամարտության վրա:
Հայկական կողմի առաջարկություններից մեկը վերաբերել է ռազմագերիների խնդրին, առաջ է քաշվել նաեւ մշակութային ժառանգության պահպանման հարցը:
Նախքան օրակարգ մտնելը՝ փոփոխությունները պետք է նվազագույն թվով ստորագրություններ հավաքեն տարբեր պատվիրակությունների անդամների կողմից: ԱԺ պատվիրակության ղեկավարի հավաստմամբ՝ իրենց փոփոխությունները սկզբնական շրջանում ունեցել են առավելագույն թվով աջակցություն տարբեր պատվիրակների կողմից: «Դրանք վերաբերում էին հիմնավորապես գերիների առկախված խնդրին, որը 2020 թ. նոյեմբերի 9-ից մինչ օրս լուծված չէ, չնայած դրան վերաբերող դրույթ կա հենց եռակողմ հայտարարության մեջ: Միջազգային տարբեր կազմակերպություններ բազմիցս դրան անդրադարձել են, եւ որեւէ պատճառ, թե ինչու պետք է ԵԱՀԿ ԽՎ-ն հրաժարվեր այդ թեմային անդրադառնալ, մենք չենք տեսնում: Հաջորդ հարցը վերաբերել է մշակութային ժառանգության պահպանմանը, մյուսը` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը եւ դրա կարեւորությանը»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը:
Հայկական պատվիրակությունն ընդգծել է նաեւ Արցախի հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում լուծելու կարեւորությունը: Պատվիրակության ղեկավարը վստահեցրել է, որ առաջարկած փոփոխություններում բոլոր հիմնավորումներն առկա էին: Երկու հանձնաժողովների զեկուցողները քվեարկությունից առաջ հստակ դիրքորշում են հայտնել՝ անփոփոխ թողնել տեքստը: Տվյալ հարցերով զեկուցողի դիրքորոշումը որոշիչ է լինում:
Անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության գործելաոճին՝ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ ադրբեջանական պատվիրակությունը, ըստ էության, որդեգրել է նույնաբովանդակ մեղադրանքների մարտավարություն: Ըստ նրա՝ նման մեղադրանքների հորձանուտում ԵԱՀԿ ԽՎ գործընկերների ընկալումները կարող են փոքր-ինչ խեղվել, եւ իրականությունը նման պայմաններում դժվար է ի հայտ բերել:
Բանախոսները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին:
Էդուարդ Աղաջանյանը չի բացառել, որ առաջիկայում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում:
Մարիա Կարապետյանի հավաստմամբ՝ մեր երկիրը Թուրքիայի հետ բանակցում է առանց նախապայմանների: Ըստ նրա՝ ամեն ջանք պետք է օգտագործել, որպեսզի արդեն ձեռք բերված պայմանավորվածություններն իրականություն դառնան:
ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նշել է, որ իր քաղաքական թիմի ներկայացուցիչների եւ բարձրագույն ղեկավարության՝ վարչապետի կողմից, բազմիցս նշվել է, որ Հայաստանի կողմից արվող քայլերը միակողմանի գործառույթ չեն: «Խաղաղության օրակարգի համար անհրաժեշտ է, որ մեր տարածաշրջանային գործընկերները համագործակցեն, ինչը հաճախ չենք տեսնում, քանի որ նրանք կառուցողական չեն տրամադրված: Հայաստանը միշտ ձգտելու է խաղաղության. դրա համար ներկա կառավարությունը ստացել է մանդատ»,- նշել է պատգամավորը:
Նույն համոզմունքն է հայտնել նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ նշելով, որ տարածաշրջանում խաղաղության օրակարգի ձեւավորման համար անհրաժեշտ է լուծել բոլոր խնդիրները: