Վարչապետ. Հայաստանի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է
Հայաստանի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ես հայտարարել եմ, որ լինելու է երկու փուլային ծրագիր և առաջին փուլում չեն լինելու արագ փոփոխություններ, այլ լինելու են այն քայլերը, որոնք մենք կարող ենք մոտ ապագայում կատարել: Իսկ երկրորդ փուլի համար մեզ հարկավոր է ժամանակ, որպեսզի մենք որոշենք, թե որ ուղղությամբ ենք տանելու մեր երկիրը: Բայց այս պահին ուզում եմ հայտարարել, որ նման սպասելիքներ չեն լինելու, թե մենք շատ արագ մեր տնտեսությունը կփոխենք, մենք ազդանշաններ ենք տալու, թե տնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը:
Նա նշեց, որ նոր ձևավորվելիք կառավարությունը օգտագործելու է նախորդի ծրագիրը, տնտեսությունն էլ զարգացնելու է այն ուղղությամբ, որ փորձ կարվի ստեղծել մաքսիմալ բարենպաստ պայմաններ հավելյալ արժեք ստեղծելով:
«Կարող է թվալ, թե սա շատ ընդհանուր բանաձև է, բայց այս պահին՝ այսքանը: Բոլոր վարկանիշներով երջանիկ, լավ ապրող երկրները նրանք են, որտեղ գործարար մարդը, ստեղծագործ մարդը, հավելյալ արժեք ստեղծող մարդը իրեն երջանիկ է զգում: Ռեսուրս ունեցող, նավթ ու գազ ունեցող երկրները դրա մեջ են: Իսկ թե քայլերը որոնք կլինեն՝ մենք կներկայացնենք»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է պատգամավորի՝ նոր կառավարության կազմին վերաբերող հարցին և արդյոք դրա ձևավորմանը նպաստելու է կուսակցական պատկանելիությունը, վարչապետ Կարապետյանը նշեց, որ այն ձևավորվելու է մի սկզբունքով՝ կադրերը ընտրվելու են մաքսիմալ պրոֆեսիոնալ սկզբունքով: Իսկ արդյո՞ք կա կադրերի պակաս.
«Եթե կադրը պրոֆեսիոնալ է, ուրեմն լավ է: Լավ կադրերի պակաս կա ամենուրեք՝ Նյու Յորքում, Լոնդոնում, Մոսկվայում և իհարկե Երևանում»
Հիշեցնելով, որ ինքը վարչապետի պաշտոնում է ընդամենը 1.5 օր և դեռ նոր է ծանոթանում մակրոտնտեսական իրավիճակին, որ առկա է: Բայց, ընդգծեց նա, երբ ասում է, թե արագ փոփոխություններ չեն լինելու, դա ամենևին չի նշանակում, թե քայլեր չեն ձեռնարկելու.
«Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկելու՝ սոցիալական լարվածության մեղմելուն և տնտեսության զարգացման համար: Բայց պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա և այս պահին ես կարող եմ ասել՝ եթե ուզում ենք մեր տնտեսության մեջ փոփոխություններ անել, պետք է համակարգային փոփոխություններ անենք: Ռեալ մեր տնտեսության վիճակը՝ բաց ու ազնիվ ասում եմ, շատ ծանր է, չափազանց ծանր է»,- հավելեց նա: