24.11.2024
Բրիտանացի խորհրդատուները ՊՆ-ում քննարկել են օրենսդրական բարեփոխումները
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն ողջունում է իշխանությունների և ընդդիմության համաձայնությունը Ընտրական օրենսգրքի շուրջ

«4+4+4» ձևաչափով աշխատանքային խումբը՝ ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները նախօրեին ստորագրել են հայտարարություն, որը քաղաքական ուժերի ներկայացուցիչները որակել են պատմական իրադարձություն: Ըստ նրանց՝ այն կարող է շրջադարձային լինել և բարձրացնել ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահությունը:

Ի թիվս այլ դրույթների, ուժերը համաձայնության են եկել ընտրություններից հետո ստորագրված ընտրական ցուցակները հրապարակելու, ինչպես նաև բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու և ընտրական ողջ գործընթացը տեսանկարահանելու վերաբերյալ:

Իրադարձությանն արձագանքել է Արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը՝ նշելով, որ ՀՀ-ում ընտրական բարեփոխումների վերաբերյալ քաղաքական նոր համաձայնագրի ստորագրումը, որ տեղի ունեցավ երեկ ՀՀ կառավարության իշխող կոալիցիայի և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների միջև՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկումների արդյունքում, ընտրական բարեփոխումների իրականացմանը նպաստելու գործում դրական զարգացում է:

Համաձայն հայտարարության՝ Եվրոպական միության, միջազգային այլ գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսավորումը, ինչպես նաև ՀՀ կառավարության ներգրավվածությունը հնարավորություն կտան իրականացնել Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքով նախատեսված տեխնիկական բաղադրիչը:

Ընտրական գործընթացի մասնակից կողմերն այժմ պետք է լիարժեք և բարեխիղճ կերպով կյանքի կոչեն ընտրական նոր օրենսդրությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական նոր համակարգի և ընթացակարգերի նկատմամբ արժանահավատության, թափանցիկության և հանրային վստահության բարձրացման նպատակով: