Դեսպանը կարևորել է տարբեր ոլորտներում հայ-շվեդական կապերի ընդլայնումը
Հայաստանի Ազգային ժողովի եւ Շվեդիայի Ռիկսդագի միջեւ համագործակցության խորացման հարցում առանցքային է բարեկամական խմբերի գործունեությունը: Այս առումով կարեւորում եմ հատկապես վերջին տարիներին կայացած արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաեւ բազմակողմ ձեւաչափերում հայ եւ շվեդ պատգամավորների համագործակցության ակտիվացումը. նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը հուլիսի 13-ին ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ հանդիպման ընթացքում:
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը:
Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրին` Հռիփսիմե Գրիգորյանը բարձր է գնահատել ծրագրի իրականացման հարցում Շվեդիայի օժանդակությունը, ինչպես նաեւ շարունակական աջակցությունը մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին:
Հայ օրենսդիրները խոսել են տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների միջեւ սերտ համագործակցությունից:
Դեսպանը կարեւորել է տարբեր ոլորտներում հայ-շվեդական կապերի ընդլայնումը, ընդգծել բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Քննարկվել են հետպատերազմյան շրջանում առկա հումանիտար խնդիրների լուծմանը, տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները: