Յուրաքանչյուր մեծ ժողովուրդ ունի մեծ առաքինություններ և մեծ արատներ. Բաբայան
Այո՛, հայ ժողովուրդը մեծ ժողովուրդ է, և յուրաքանչյուր մեծ ժողովուրդ ունի մեծ առաքինություններ և մեծ արատներ։ Արտաքին քաղաքականության մեջ հայտնի արտահայտություն կա՝ «չկան մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ, կան մշտական շահեր»։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
"Բայց, այնուամենայնիվ, կան մշտական թշնամիներ։ Դրանք այնպիսի հասկացություններ են, ինչպիսիք են արժեքների դեգրադացումը, եսասիրությունը, ագահությունը, հայրենասիրության բացակայությունը, նրա ու ազգային արժեքների նկատմամբ արհամարհանքը և այլն։
Հայ ժողովրդի բոլոր մեծ ներկայացուցիչները մեր պատմության ընթացքում մտածել են այդ արատներից ազատվելու մասին։ Առաջին բանը, որ պետք է անել՝ նրանց մտքերը վերլուծելն է։ Այս հավերժական թշնամիների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներից են հավատը, հայրենասիրությունը և պրոֆեսիոնալիզմը։ Այս արժեքները պետք է արմատավորվեն մանկուց, պահպանվեն պետական ամենաբարձր մակարդակով։ Սա և՛ հեշտ է, և՛ դժվար, բայց մի հասարակություն, որտեղ հայրենասիրությունն ու պրոֆեսիոնալիզմը հիմնարար արժեքային բաղադրիչներ չեն, դատապարտված է։
Բնականաբար, անհրաժեշտ է միշտ զգալ նուրբ գիծը և ամեն կերպ խուսափել խավարամտությունից, իսկ դա պահանջում է առողջ ավանդականության և առողջ առաջադիմություն ներդաշնակ սինթեզ":