Դատարանը վարույթ է ընդունել Ղազարյանից ապօրինի ծագման գույքը բռնագանձելու հայցադիմումը
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022 թ. մայիսի 31-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 11-րդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանից, նրա հետ փոխկապակցված 4 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող 17 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 4-ը գտնվում են Ավան վարչական շրջանում, 5-ը՝ Ծովակալ Իսակովի պողոտայում, 5-ը՝ Տերյան փողոցում, ինչպես նաև Այգեստան թաղամասում, Ամիրյան, Խորենացու փողոցներում, Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող հանգստյան գոտին, Արմավիրի (համայնք Արտամետ) մարզում գտնվող 1 հողամասը, 6 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ նշված անշարժ և շարժական գույքերի միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 6.007.193.880 ՀՀ դրամ, 8 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք, Ստեփանակերտ քաղաքում գտնվող 6 անշարժ գույքի և 4 տրանսպորտային միջոցների միջին շուկայական արժեքները՝ 337.780.000 ՀՀ դրամ, 137.216.729 ՀՀ դրամ՝ որպես բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներ և ավանդներ, 1.743.409.007 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:
Ընդհանուր՝ 8.225.599.616 ՀՀ դրամ։
Առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, կշարունակեն ներկայացվել ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։