Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ԱԺ խմբակցության ապտգամավոր Վարդան Օսկանյանն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ, ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատությանը «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրի» վերաբերյալ՝ համապատասխան գրառում կատարելով Facebook-ի իր էջում:
ՀԱԿ առաջնորդը հինգ կետերով քննադատել է հռչակագիրը՝ հարց բարձրացնելով, թե ինչպես «Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող» զուտ կազմակերպական բնույթի մի հանձնաժողով, որքան էլ ներկայացուցչական, կարող է արտահայտել հայ ժողովրդի միասնական կամքը:
Օսկանյանի խոսքերով՝ Տեր-Պետրոսյանի կողմից բարձրացված հարցերը կարևոր են և մտորելու տեղիք են տալիս։ «Հատկանշական են Տեր-Պետրոսյանի դիտարկումները Ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության՝ հռչակագրում տեղ գտած դրույթների մասին, որոնք և անմիջականորեն առնչվում են հայ ժողովրդի գաղափարական ընկալման, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության հետ», - նշում է նախկին արտգործնախարարը՝ հավելելով, որ այստեղ կա մի շատ ավելի խորը խնդիր, որը վերաբերում է հռչակագրի և դեռևս Հայաստանի Հանրապետության ստորագրությունը կրող ու խորհրդարանի օրակարգում գտնվող հայ-թուրքական արձանագրությունների միջև առկա հակասությանը։
«Շատերը համոզված էին, որ հռչակագրի հրապարակմանը զուգահեռ ոչ միայն խորհրդարանից հետ կկանչվեին արձանագրությունները, այլև դրանցից ընդհանրապես հետ կվերցվեին Հայաստանի ստորագրությունները: Այդ երկու փաստաթղթերի միջև առկա հակասությունները, մեղմ ասած՝ թուլացնում են հռչակագրում տեղ գտած Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության հարցերի հաստատումը՝ անկախ նրանից, թե ինչ կարծիքի ենք հռչակագրում դրանք բարձրացնելու նպատակահարմարության մասին», - կարծում է Վարդան Օսկանյանը։
Եթե արձանագրությունները վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից, միջազգային իրավունքի տեսանկյունից դրանք ստանալու էին իրավական լրջագույն արժեք՝ ձեռք բերելով պայմանագրի կշիռ, նշումը նա և հավելում. «Քանի դեռ Հայաստանի Հանրապետության ստորագրությունը՝ թեկուզ չվավերացված, մնում է այդ արձանագրությունների տակ, Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության հարցում Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումները առավելապես պայմանավորվում են այդ դրույթներով», - նշում է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարը։
Մի կողմից, ըստ նրա, Հայաստանը ուժի մեջ է թողնում արձանագրությունների՝ «պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրություն» իրականացնելու նպատակով ենթահանձնաժողով ստեղծելու մասին, ինչպես նաև «երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը» դրույթները:
«Մյուս կողմից՝ հռչակագրում շեշտադրում է «1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի և 1920 թվականի նոյեմբերի 22-ի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը և նշանակությունը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում», ինչպես նաև «կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը»։ Այս դիլեման Հայաստանի իշխանությունների համար լուրջ մարտահրավեր է», - կարծիք է հայտնել պատգամավորը։