Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը հանգեցնելու է փողի թանկացման հանրապետությունում: Առևտրային բանկերը փողը վերցում են ԿԲ-ից և վաճառում վարկառուներին: ԿԲ-ի որոշումը թանկացնելու է առևտրային բանկերի համար, որոնք է իրենց հերթին թանկ վաճառելու են փողը բնակչությանը, կարծում են տնտեսագրետները:
Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը 2015 թ. փետրվարի 10-ի նիստում որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10.5%: Ինչպես տեղեկացնում են ԿԲ մամլո ծառայությունից, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման նպատակաը գնաճի և ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացումն է, որտեղ անցած մի քանի ամիսների ընթացքում շոկային տատանումներ գրանցվեցին: Վերջին երկու ամիսների ընթացքում Կենտրոնական բանկը, նույն գործոններով պայմանավորված, արդեն երրորդ անգամ է բարձրացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը: 2014 թ. դեկտեմբերին այն կազմում էր մոտ 6,75%:
«Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը կարծում է, որ ԿԲ որոշումը թույլ է տալիս ենթադրել, որ միգուցե Կենտրոնական բանկը պատրաստվում է գնաճի և դրա համար կանխարգելիչ քայլ է անում:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն էլ նշեց, որ կարճաժամկետ առումով տոկոսադրույքի բարձրացումը կարող է գնաճի զսպման բերել, բայց երկարաժամկետ առումով կստանանք հակառակ արդյունքը, հաղորդում է tert.am-ը:
«Եթե երկարաժամկետ լինի կարող է ունենալ բացասական ազդեցություն՝ բերելով գնաճի, հատկապես, ցածր փողայնացման մակարդակի դեպքում: Մեր երկրում փողի զանգվածը՝ հարաբերած ՀՆԱ-ին, 40%-ից պակաս է: Փաստացի ստացվում է, որ մեր երկրում դրամի սով է: Ի դեպ, Ռուսաստանում այդ հարաբերությունը մոտ 50% է, եվրոպական զարգացած երկրներում՝ 100%-ի մոտ է, իսկ Չինաստանում և արագ զարգացող ասիական երկրներում էապես բարձր է 100%-ից: Ուղղակի անհրաժեշտ է փուլ առ փուլ մեծացնել փողայնացման մակարդակը»,- ասաց նա:
Աշոտ Թավադյանը նշեց, թե մոլորություն է համարել, որ բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքը միշտ զսպում է գնաճը, իսկ ցածրը` հակառակը:«Պետք է մեկընդմիշտ ընկալել, որ բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքի դեպքում հատկապես` շատ ցածր փողայնացման պայմաններում, ձևավորվում է հետևյալ պատճառահետևանքային շղթան. բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքը բերում է ավելի բարձր բանկային տոկոսադրույքների, դրա հետևանքով աճում է ինքնարժեքը, հատկապես` սեփական միջոցների սուր պակասի դեպքում, ինչը նպաստում է ծախսերի գնաճին, և դա ակնհայտ չի նպաստում արտահանմանը և տեղական արտադրությանը»,-ասաց նա:
Այսինքն` վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կարող է բերել ծախսերի ավելացման, դա էլ՝ գնաճի: Տնտեսագետն ընդգծեց, որ փոխարժեքի արժեզրկման տեմպի առումով կարելի է կիրառել վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացում, բայց միայն հնարավորինս կարճ ժամանակահատվածում, որովհետև այն չի կարելի դիտել առանց գնահատելու փոխկապվածության գնաճը, փոխարժեքի փոփոխությունը, փողայնացման մակարդակը նաև՝ վերլուծելու կապը համախառն ներքին արդյունքի աճի ու արտահանման աճի հետ:
«Իմ կողմից հիմնավորվել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իր վերին սահմանն ունի, իսկ վերին սահմանը երկարաժամկետ առումով պայմանավորված է արդյունաբերության ժամանակակից ոլորտների շահութաբերության հետ՝ հանած բանկային մարժան: Այդ շահութաբերությունը լավագույն դեպքում 10 տոկոս է կազմում, իսկ բանկային մարժան մեզ մոտ բավականին բարձր է՝ մոտ 7%: Ի դեպ, պետք է և´ մրցակցային առումով, և´ վարչական առումով նպաստել այդ ցուցանիշի մինչև 3-4% իջեցմանը։ Այդ դեպքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը երկարաժամկետ առումով պետք է չգերազանցի 6-7%-ը: Ուղղակի անհրաժեշտ է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նպաստի մեր արտադրության զարգացմանը»,- ասաց նա:
Միաժամանակ մասնագետը նշեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ուղղակիորեն փոխկապակցված չէ գնաճի հետ, առավել ևս այն երկրներում որտեղ ներմուծումը մի քանի անգամ գերազանցում է արտահանմանը, ինչպես ՀՀ-ում:«Եթե միջազգային գների փոփոխություն տեղի ունեցավ, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման հետևանքով կարող ենք հասնել հակառակ էֆեկտի»,- ասաց նա:
«Հայկական ժամանակ» թերթը խնդիրի կապակցությամբ գրում է, որ ԿԲ-ի կողմից փողի թանկացումը ուղղակիորեն հանգեցնում է բանկերի կողմից տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսների բարձրացմանը:
«Իսկ վարկերի թանկացումը բերում է տնտեսության մեջ ներդրումների նվազմանը եւ տնտեսության աճի արգելակմանը: Եւ սա այն դեպքում, երբ վերջին ամիսներին ՀՀ-ում նույնիսկ պաշտոնապես գրանցվում է տնտեսական չափազանց փոքր աճ: Մյուս կողմից՝ վարկերի թանկացումը պետք է հանգեցնի գնաճի նվազմանը: Սակայն վերջին ամիսներին, ինչպես արձանագրել է հենց ԿԲ-ն, գնաճը թույլատրելի սահմաններում է եւ դրա դեմ պայքարելու խնդիր չկա: Մի խոսքով՝ ստեղծված իրավիճակում ԿԲ-ն ոչ թե պետք է բարձրացներ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այլ ընդհակառակը՝ իջեցներ՝ խթանելով ներդրումները տնտեսության մեջ: Նման գործելակերպի միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ սրանով ընդամենը փորձում են կանխել դրամի հնարավոր արժեզրկումը», - գրում է թերթը: