22.11.2024
Վարդան Օսկանյանն էլ միացավ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի քննադատներին
prev Նախորդ նորություն

ԲՀԿ-ն արձագանքում է Սերժ Սարգսյանի սուր քննադատությանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը արձագանքել է ԲՀԿ-ի և նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած քննադատական ելույթին:

Նախագահը փետրվարի 12-ին իշխող Հանրապետական կուսակցության գործադրի մարմնի նիստում հանդես էր եկել ծավալուն ելույթով, որն ամբողջությամբ նվիրված էր ԲՀԿ ղեկավար, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին: Սերժ Սարգսյանը մասնավորապես անվանել է ծառուկյանին «չարիք», «կեղծ քաղաքական երևույթ» և «տարրական տրամաբանությունից զուրկ մարդ»:

Նա հայտարարել է, որ սկսել է քաղաքական դաշտը «տգիտությունից մաքրելու գործընթաց» և տեղեկացրել առաջիկայմում Գագիկ Ծառուկյանի դեմ ձեռնարկվոլիք գործողությունների մասին:

Տիգրան Ուրիխանյանն իր անուղղակի արձագանքում հիշեցրել էր, որ ժամանակին նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը բավականին կիրթ և ինտելեկտով օժտված անձնավորություն էր, սակայն կոտորեց 40 միլիոն մարդ:

«Ադոլֆ Հիտլերը, լինելով բավականին կիրթ և ինտելեկտով օժտված անձնավորություն, կոտորեց 40 միլիոն մարդ երկրագնդի վրա: Հայաստանի Հանրապետությունում սովից, հացի ու դեղի բացակայությունից կոտորվում են 40 տոկոսի աղքատության հասնող մարդիկ: Ինչքան են լքել երկիրը, դա արդեն այլ հարց է: Ինչքան են պատրաստվում լքել՝ դա էլ է այլ հարց և բազմաթիվ այլ հարցեր», - ասվում է Ուրիխանյանի Facebook-ի էջում կատարված գրառման մեջ:

«Մարդկանց կարեկցելու, ողորմած լինելու, պատասխանատվություն ստանձնելու ու կրելու համար նախ և առաջ սիրտ է պետք ունենալ: Դա իմ խիստ անձնական, օրվա 11-րդ ժամի սկզբին հիվանդանոցից հնչող կարծիքն է», - նշել է Ուրիխանյանը:

«Բարգավաճ Հայաստանի» կողմից վերահսկվող լրատվական միջոցները հայտնում են, որ ԲՀԿ-ն փետրվարի 13-ին՝ ժամը 12:00-ին, քաղխորհրդի նիստ է հրավիրելու, որի ժամանակ գնահատականներ են տրվելու ներքաղաքական իրավիճակին:

«Ծրագրային ելույթով է հանդես գալու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով տալու է բոլոր հարցերի, այդ թվում՝ ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի հնչեցրած տեսակետների պատասխանը», - նշվում է այդ լրատվամիջոցների կողմից տարածած հաղորդագրության մեջ: