24.11.2024
Փաշինյանի մոտ դատաիրավական բարեփոխումների համատեքստում քննարկվել է ՔԿՀ նոր մոդելը
prev Նախորդ նորություն

Քննարկվում է Հայ-արգենտինական առևտրային պալատի ստեղծման հարցը. դեսպան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային:


Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունն Արգենտինայի հետ և հույս հայտնել, որ դեսպանի ակտիվ գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը:


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ի հեճուկս երկու երկրների միջև հեռավորությանը՝ Հայաստանն ու Արգենտինան ունեն ինտենսիվ հարաբերություններ և դրանք նոր նախաձեռնություններով հարստացնելու լավ ներուժ: Կառավարության ղեկավարն առանձնակի կարևորել է տնտեսական փոխգործակցության և առևտրաշրջանառության ծավալների ընդլայնումը և հավելել, որ մեր երկիրը պատրաստ է արգենտինյան ընկերությունների համար ստեղծել բարենպաստ պայմաններ՝ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել միջազգային կառույցներում երկկողմ փոխգործակցությունից և հավելել, որ հայկական կողմը պատրաստ է այդ ուղղությամբ գործակցությունն էլ ավելի արդյունավետ դարձնել: Միաժամանակ, վարչապետը բարձր է գնահատել Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:


Դեսպան Վերգարան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանի ու Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ-ում անցկացվում են մշակութային տարբեր միջոցառումներ: Դեսպանը տեղեկացրել է, որ տնտեսության ոլորտում համագործակցությանը նոր զարկ տալու նպատակով քննարկվում է Հայ-արգենտինական առևտրային պալատի ստեղծման հարցը: Մարիանո Վերգարան երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորել է Արգենտինայի հայ համայնքի դերը, որը նրա խոսքով, բավականին համախմբված է և մեծ հարգանք է վայելում իր երկրում:


Հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկկողմ հարաբերությունների զարգացման առումով կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:


Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: