Անհրաժեշտ է ուղիներ փնտրել Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար. Աֆեյան
Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է կենտրոնանալ ոչ թե անցյալի, այլ ներկայի ու ապագայի վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հայազգի ամերիկացի գիտնական, գործարար Նուբար Աֆեյանը։
Նրա խոսքով, ամեն անգամ պետք չէ ապացուցել, որ Հայոց ցեղասպանությունն իրականացրել է Թուրքիան, դրա ամենավառ ապացույցն է հենց այսքան մեծ հայկական սփյուռքի առկայությունը.
«Հետևաբար, այժմ խոսակցությունը պետք է լինի ոչ թե անցյալի, այլ ներկայի ու ապագայի մասին։ Սրանից ելնելով պետք է դիտարկենք անցյալի խնդիրները իրավական դաշտում և որոշենք, թե Թուրքիան ինչ պատասխանատվություն է կրելու և ինչ դիրքորոշում կունենա»,- ասաց Աֆեյանը։
Սակայն դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը չպետք է տնտեսական կապեր հաստատի Թուրքիայի հետ։
«Դա պետք է արվի դանդաղ և մեծ զգուշավորությամբ, քանի որ մենք բոլորս ցանկանում ենք, որ Հայաստանը զարգանա»,- ասաց նա։ Ընդգծելով, որ Հայաստանը դատապարտված է Թուրքիայի հետ գոյակցելու, Աֆեյանը նշեց, որ դրանից ելնելով անհրաժեշտ է ուղիներ փնտրել հարաբերությունները բարելավելու համար, ինչը նշանակում է, որ ամեն ինչ չպետք է խառնել հարցերի մեջ մեկ կույտում։