Ծառուկյանի խաղատունը կբացվի հոկտեմբերից, կուտակած 4.2 մլրդ տուգանքը կվճարի կառավարությունը
Կառավարության այսօրվա նիստում Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հիշեցրեց, որ ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 350-Ա հրամանով՝ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հունվարի 1-ին տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել տարեկան պետական տուրքը չվճարելու հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցնելու հիմք հանդիսացող երկրորդ խախտումը թույլ տալու ուժով:
Նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 350-Ա հրամանով սահմանվել էր, որ նշված վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:
Փոխնախարարը նշեց, որ ՀՀ վարչական դատարանի կողմից 15.02.2021թ. կայացված վճռով բավարարվել է ընկերության հայցը, և անվավեր է ճանաչվել նրա՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի հրամանը, որի վերաբերյալ ֆինանսների նախարարության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Ըստ այդմ, ՀՀ վարչական դատարանի կայացված վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Արման Պողոսյանը հայտնեց, որ որոշման նախագծի նպատակը ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին 2020 թվականի պարետի որոշմամբ ՀՀ ողջ տարածքում կիրառված սահմանափակումների տնտեսական հետևանքների մեղմացումն է: «Որոշման նախագծով առաջարկվում է 1224 ծրագրի «Աջակցության տրամադրում` նախորդ տարվա հարկային պարտավորությունների վճարման նպատակով» միջոցառման գծով ծախսերն ավելացնել 4.2 մլրդ դրամով՝ ի հաշիվ 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների ավելացման, որով կկարգավորվի հարկային մարմնի կողմից շահումով խաղերի և խաղատների կազմակերպման համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվարկված պետական տուրքի և ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի 7-րդ մասով կիրառված տուգանքների մասով առաջացած պարտավորությունների մարումը»,- ասվում է հիմնավորման մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մատնանշելով, որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն պատկանում է «Մուլտիգրուպ»-ին, ասաց, որ ընկերությանը հնարավորություն է տրվում 2022 թվականի հոկտեմբերից գործունեությունը սկսել մաքուր էջից, առանց տուգանքների, որպեսզի բյուջեն տարեկան 5 մլրդ դրամ չկորցնի:
"Խաղատունը տուրքը չի վճարել, քանի որ չի աշխատել, և եթե շարունակվի դատական գործընթացն, ապա պետությունը դրանից միայն կտուժի",- ասաց Փաշինյանը: