Չենք մոռանա՝ Դուք Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին նախագահն եք. Սարգսյան
Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հարգելի պարոն նախագահ,
Անկեղծ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում
Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 246-րդ տարեդարձի առթիվ:
Հուլիսի 4-ը փարոս է դարձել անկախության և ազատության ձգտող աշխարհի շատ ազգերի համար։
Միացյալ Նահանգները Հայաստանի լավագույն բարեկամներից է, որի հյուրընկալ միջավայրում ապրում, գործում ու աշխատում են նաև մեծաթիվ հայեր։
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին՝ բարեփոխումներ իրականացնելու մի շարք ոլորտներում և կառուցելու ավելի ժողովրդավարական հասարակություն:
Մենք երբեք չենք մոռանա, որ Դուք Օսմանյան կայսրությունում 1915թ. իրականացված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած ՝ ԱՄՆ առաջին նախագահն եք։
Ինձ միշտ հաճելի են եղել տարբեր առիթներով մեր հանդիպումները, և ես ուրախությամբ կօգտվեմ կրկին հանդիպելու ու ևս մեկ խորն ու բովանդակալից քննարկում ունենալու նոր հնարավորությունից:
Ընդունեք, խնդրեմ, քաջառողջության և հաջողության իմ լավագույն մաղթանքները»: