Տարին կամփոփվի տնտեսական աճի թիրախին մոտ՝ 7 տոկոս աճով. նախարար
Այս տարվա 5 ամիսներին գրանցված տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը՝10,2 տոկոս, թույլ է տալիս ենթադրել, որ տարին կամփոփվի տնտեսական աճի թիրախին մոտ՝ ՀՆԱ 7 տոկոս աճով: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով, գալիք 3 տարիներին տնտեսական աճի թիրախը սահմանված է տարեկան 7 տոկոս, ինչին կնպաստի կապիտլ ծախսերի ծավալը::
"Դեռեւս սահմանված թիրախից բարձր է գնաճը, ինչն առավելապես պայմանավորված է համաշխարհային շուկաներում առկա զգալի գնաճով: 2023-2025-ին բյուջեի ծախսային մակարդակը կգտնվի ՀՆԱ 28 տոկոսի սահմաններում: Բյուջեի դեֆիցիտը 3 տոկոս մակարդակից կկրճատվի՝ 2025-ի ավարտին կհասնի 2,5-2,7 տոկոսի սահմաններում: Տեղի կունենա ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի ցուցանիշների բարելավում: 2025-ի ավարտին այն կգտնվի 55-56 տոկոսի սահմաններում",- ասաց նախարարը:
Խաչատրյանը նաև ասաց, որ 2023-2025 թթ հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված 7 տոկոս տնտեսական աճի ապահովմանը՝ շեշտադրվելով պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը եւ ծախսերի արդյունավետության բարձրացումը: Դա, ըստ նրա, պետք է տեղի ունենա պարտքի կառավարելիության բարձրացման եւ այդպիսով մակրոտնտեսական կայունության երաշխավորման պայմաններում: