VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Սարմեն Ամիրյանը նշանակվել է Իջեւանի սպորտդպրոցի տնօրեն: Նա աշխատում էր Իջեւանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ մեկ հիմնական դպրոցում` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Սա այն դպրոցն է, որտեղ սովորել է Նիկոլ Փաշինյանը: Մեզ ասացին, որ Ամիրյանը բարձրագույն կրթություն չունի, 2000-ականների կեսերին ընդամենը ինչ-որ տեխնիկում է ավարտել, այն էլ` այժմյան ոստիկանապետ Վահե Ղազարյանի մոր հորդորով, որն այդ տարիներին Իջեւանի թիվ մեկ դպրոցի տնօրենն է եղել: Շուրջ տասն օր մենք փորձում էինք Իջեւանի քաղաքապետարանից պաշտոնապես ճշտել՝ Սարմեն Ամիրյանն ունի՞ բարձրագույն կրթություն, թե՞ ոչ, եւ եթե չունի՝ ինչպե՞ս է տնօրենի պաշտոնակատար նշանակվել։ Սակայն այդ տասն օրվա ընթացքում այդպես էլ որեւէ հերքող կամ հաստատող պատասխան չստացանք, ինչից կարելի է ենթադրել, որ տնօրենի ԺՊ-ն իսկապես կրթություն չունի, հակառակ դեպքում քաղաքապետարանին ուղղված պարզ հարցին ի պատասխան կարող էին ասել՝ այո, ունի կրթություն, եւ հարցը փակել` նշելով, թե որ բուհն է ավարտել Սարմեն Ամիրյանը: ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ, թե ով է Սարմեն Ամիրյանը եւ ինչպես է նշանակվել սպորտդպրոցի տնօրենի ԺՊ: Նա մեզ հետ զրույցում նշեց. «Իջեւանի սպորտդպրոցը ՊՈԱԿ է, ունի համայնքային պատկանելություն, ես այդ դպրոցից որեւէ տեղեկություն չունեմ, ես չեմ նշանակել նրան»: Այն հարցին, թե կրթություն չունեցող մարդուն դպրոցի տնօրենի ԺՊ նշանակելն անօրինական չէ՞ արդյոք, մեր զրուցակիցը նշեց. «Այո, այո, տնօրենն էլ, տնօրենի ԺՊ-ն էլ պետք է բարձրագույն կրթություն ունենան: Բարձրագույն կրթությունը նրանց պարագայում պարտադիր է, եթե մարդը չունի կրթություն, չպետք է տնօրեն նշանակել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ՝ բացառությամբ հատուկ դեպքերի (հատուկ դեպքերն այն են, երբ ինչ-որ տեղից ուշանում ենք, միջազգային հյուրեր են սպասում, եւ օբյեկտիվ պատճառներով ենք ուշանում), քաղաքացիներին զիջում է ճանապարհը հետիոտնային անցումների վրա»,- այս խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, որը 2019 թվականին պարծենում էր, թե քաղաքացիներին ճանապարհ զիջելը իր ձեռքբերումն է: Ավելին՝ հպարտանում էր, թե ճանապարհային ոստիկանությունն անգամ վարչապետի ընտանիքի անդամներին է տուգանում: 2020-ի հունվարի 25-ին ՀՀ վարչապետը հայտարարեց. «Հայաստանի վարչապետի կինը ոստիկանության կողմից վարչական տուգանքի է ենթարկվել «Կոնդ» կառավարական առանձնատներում՝ վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկը անչափահասին վստահելու համար: Օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակ»: Այս խոսքերից 2-3 տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը ոչ միայն լուսացույցի տակ չի կանգնում, այլեւ խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները՝ հետիոտներին չի զիջում ու նրանց մահվան պատճառ է դառնում: Ապացույցը այս տարվա ապրիլի 26-ին Երեւանի Լեո-Պարոնյան խաչմերուկում երիտասարդ հղի կնոջը՝ Սոնա Մարտիրոսյանին վրաերթի ենթարկելու փաստն էր: Ի՞նչ է ստացվում. 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո հեծանիվով, մետրոյով կամ հասարակական տրանսպորտով երթեւեկող իշխանավորներին սպասարկող կորտեժներն այսօր ոչնչի, անգամ մարդկային կյանքի առջեւ կանգ չեն առնում, իսկ Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությունը՝ իրեն սպասարկող ավտոշարասյան՝ լուսացույցի տակ կանգնելու ու քաղաքացիներին զիջելու մասին, հերթական սուտն էր:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ քննչական կոմիտեում Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի բացատրություն տալու գործընթացից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կոմիտեի քննիչը միացրել է ձայնագրությունը եւ կոնկրետ հարցեր տվել՝ զրույցի հետ կապված, թե ինչ նկատի ունի նա՝ ասելով, որ իր սկզբունքների դեմ չի գնա: Ի պատասխան՝ Ռուբեն Վարդազարյանը ասել է այն, ինչ հունիսի 20-ին հրապարակային ասել էր մամուլի ասուլիսի ժամանակ: Կոմիտեի քննիչի կողմից հնչել են նաեւ հարցեր, որոնք չեն վերաբերել Վարդազարյանին, ինչին ի պատասխան՝ Ռուբեն Վարդազարյանը քննիչին ասել է, որ այդ հարցերը պետք է ուղղել ոչ թե իրեն, այլ Գագիկ Ջհանգիրյանին: Ըստ էության, Վարդազարյանը որեւէ լրացուցիչ տեղեկություն նախաքննական մարմնին չի հայտնել, նա բացատրության մեջ ասել է այն, ինչ խոսել է հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին։ Ստացվում է, որ առաջիկայում Գագիկ Ջհանգիրյանը եւս պետք է բացատրություն տա կոմիտում, իսկ կգնա նա նախաքննական մարմին, թե ոչ, կիմանանք՝ հետեւելով զարգացումներին: Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին հրապարակվել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, ինչի ժամանակ մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։ Հասարակությունն ու մասնագիտական համայնքը հիմնականում սեւեռված է ձայնագրության մեջ հնչող հայհոյանքների ու գաղտնի ձայնագրելու փաստի վրա ու երկու կողմերի ճիշտն ու սխալն է քննարկում, այնինչ կարեւորագույն հարցերը կարծես տողատակերում են մնում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի ընդդիմադիր խմբակցություններն 9 պատգամավորի ստորագրություն են հավաքել եւ դիմել ԱԺ-ին՝ քննիչ հանձնաժողով ձեւավորելու պահանջով։ 8 պատգամավորներին է միացել Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցության 1 պատգամավոր։ Սակայն դիմումը ներկայացնելուց հետո, մեր տեղեկություններով, իշխանական «Ազատ հայրենիքի» եւ «Միասնական հայրենիքի» պատգամավորները սկսել են ճնշումներ գործադրել իրենց գործընկերոջ վրա, որպեսզի հետ վերցնի ստորագրությունը։ Կանոնակարգ օրենքը 3 օր է սահմանում՝ եթե պատգամավորը դիմումը հետ չվերցնի, հանձնաժողովը կձեւավորվի իրավունքի ուժով, եւ այն կղեկավարի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ Իսկ քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է Գյուղատնտեսական եւ ներդրումային հիմնադրամների գործունեությունը, որոնց մասին Արցախում լեգենդներ են շրջում, թե ինչ կոռուպցիոն սխեմաներով են աշխատում։ Նշենք, որ Բաբայանի կուսակցությունը փոխել է քաղաքական կուրսը․ Արայիկ Հարությունյանին մերձավոր Բաղունցի փոխարեն խմբակցության ղեկավար է դարձել Մարսել Պետրոսյանը, դրանով է պայմանավորված, որ իշխանական գծից տեղ-տեղ շեղվում են։ Սամվել Բաբայանն իշխանությունից նոր զիջումներ է ուզում կորզել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մոտ 600 հազար դրամ աշխատավարձ եւ 250 հազար դրամ էլ հավելյալ գումար ստացող ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ Էդուարդ Աղաջանյանն այս տարվա ապրիլի 2-3-ը Գորիս է մեկնել պետական բյուջեի միջոցների հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա հետ միասին Գորիս դարձյալ պետբյուջեի հաշվին մեկնել են պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Սարգիս Խանդանյանը, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Շահբազյանը, Ազգային ժողովի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Էդուարդ Կարապետյանը եւ նույն վարչության անձնագրային սպասարկման բաժնի կրտսեր մասնագետ Էրիկ Մելքոնյանը: Նշենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ՝ ԱԺ բոլոր պատգամավորները, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը նախատեսված է պատգամավորական գործունեություն իրականացնելու ընթացքում առաջացած ընթացիկ ծախսերը հոգալու համար։ Նշված գումարը հարկման ենթակա չէ։ Եվ հետաքրքիր է, որ անգամ Գորիս գործուղումը պատգամավորները որոշել են ամբողջությամբ կատարել պետական բյուջեի հաշվին, այլ ոչ սեփական՝ դրա համար հատկացված միջոցներից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 27-ի ԱԺ արտահերթ նիստով համալրվելու են վճռաբեկ դատարանի թափուր տեղերը։ ԲԴԽ-ն 10 տեղի համար առաջադրել է 3-ական թեկնածու: Վճռաբեկի վարչական պալատի դատավորի 1 տեղի համար պայքարող 3 թեկնածուից ՔՊ-ն ընտրելու է ոչ թե իրենց հավատարիմ Արամ Սարգսյանի կուսակից Արտակ Զեյնալյանին, այլ՝ Լիանա Հակոբյանին։ Նա այն դատավորն է, որը հետ էր վերադարձրել ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վարչական բողոքը՝ Արմեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Գասպարյանը պահանջել էր՝ իրեն պաշտոնից ազատելու հրամանագիրն առոչինչ ճանաչել, դատավորն առաջարկել էր՝ կա՛մ փոխել պահանջը, կա՛մ իր որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում։ Հետո վերաքննիչը բավարարել էր բողոքը եւ հիմնավոր չէր համարել դատավոր Լիանա Հակոբյանի եզրահանգումը։ Ի դեպ, ներկայացված է նաեւ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը։ Երեկ երեկոյան ՔՊ խմբակցության նիստում պատգամավորներին ասվել է, թե ում պետք է ընտրեն։ Չի բացառվում, որ արտահերթի օրակարգ խցկեն նաեւ «Պաշտպանության մասին» օրենքում աղմկահարույց փոփոխությունների փաթեթը եւ այլ նախագծեր։ Սրանով արտահերթերը չեն սպառվում, չի բացառվում, որ հուլիսի սկզբներին եւս երկու արտահերթ նիստ հրավիրեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու արտահերթ նիստը երեկ չկայացավ` քվորումի բացակայության պատճառով։ Ներկա էին ՔՊ, ՀԱՍԿ եւ «Ապրելու երկիր» խմբակցությունները։ «Ասլանյան դաշինքն» ու «Հայրենիքը» բոյկոտեցին նիստը։ 3 խմբակցությունների ավագանու անդամները միասին 16-ն են, քվորումի համար հարկավոր է 17 ձայն: Մեր տեղեկություններով, Վանաձորի համայնքապետի ԺՊ Ակային՝ Արկադի Փելեշյանին, Երեւանից հրահանգել են մեծացնել ճնշումն ընդդիմադիրների վրա եւ ստիպել, որ գան ավագանու նիստին։ Եվ վերջին օրերին մոբիլիզացրել են Վանաձորի մտավորականներին, պաշտոնյաներին, որ ամեն ինչ անեն՝ նիստը կայանա։ Սպառնացել են, որ եթե ավագանիներին հրապարակավ ամոթանք չտան, կկորցնեն իրենց պաշտոնը։ Իրավապահներին եւս մոբիլիզացրել են։ Երեկ տապալված նիստում ելույթ է ունեցել Վանաձորի ԲԿ-ի տնօրեն Վահագն Մկրտչյանը եւ վիրավորել «Ասլանյան դաշինքին» ու «Հայրենիքին»։ «Այդ կուսակցությունները 45 օր ասֆալտի վրա Արցախն ու հայրենիքն էին փրկում Ֆրանսիայի հրապարակում, ի վերջո, Արցախի դրոշը նետեցին աղբամանի մեջ, ուստի ոչ մի զարմանալի բան էլ չկա»,- ասել է նա։ Վանաձորում սա բացատրում են նրանով, որ ԲԿ տնօրենը նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ ատկատների մեջ է եղել՝ իրավապահների ուշադրության կենտրոնում է, այդ պատճառով է «դոշ տալիս» իշխանությունների համար։ Բանն այն է, որ ՔՊ-ն ուզում է՝ օր առաջ նիստը կայանա, որ ավագանին ցրելուն բանը չհասնի, կամ՝ հուլիսի 20-ից հետո համայնքապետ ընտրելու արգելքը դատարանը չհանի, եւ ընդդիմությունը չկարողանա իր թեկնածուին ընտրել։ Այս պահին կողմերի ձայները բաշխվում են հավասար՝ 16/16, Մամիկոն Ասլանյանը բանտից չի կարող քվեարկել, սակայն կարող է հրաժարվել մանդատից, ընդդիմադիր ավագանին կհամալրվի նոր անդամով, եւ «Ասլանյան դաշինքն» ու «Հայրենիքը», ունենալով մեկ ձայնի առավելություն, կկարողանան համայնքապետ ընտրել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրված, երեկ էլ իշխանությանն առընթեր ՀԿ-ների եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում լսումներ էին անցկացնում։ Ինչպեսեւ գրել էինք՝ ՔՊ-ն հերթական անգամ ԸՕ-ն վերաձեւում է իր «հագով»․ նախագծի հիմնական բանախոս Վահագն Հովակիմյանը լսումների ժամանակ՝ բացման խոսքում ասաց, թե իբր փոփոխությունների անհրաժեշտությունն առաջ է եկել 2021 թվականի խորհրդարանական եւ ապա՝ անցած տարեվերջի ՏԻՄ ընտրություններից հետո, եւ որ լրացումներն ավելի շատ տեխնիկական բնույթ են կրում։ Սակայն քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ իշխանությունը ՔՊ-ն այնպիսի տեսքի է բերում, որ առաջիկա ընտրություններին կարողանա ավելի անարգել զավթել իշխանությունը՝ անգամ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտվել է։ Կարճ ասած՝ ՏԻՄ ընտրություններից որոշել են դասեր քաղել եւ հարթել բոլոր օրենսդրական եւ իրավական խոչընդոտները, որոնք բարդացնում են իշխանությունն ընդդիմությունից խլելու գործընթացը։
ՔՊ-ականների հակաժողովրդավարական, խայտառակ փոփոխություններն այնքան ցցուն էին, որ դրանց վրա աչք փակել չկարողացավ անգամ իշխանությունների մոլի պաշտպան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Նրա եւ Վահագն Հովակիմյանի հարցուպատասխանը ջրի երես հանեց իշխանության անգրագետ, երեսպաշտ պահվածքը, թե ինչպես էին մի ժամանակ փնովում Սերժ Սարգսյանին ու նրա իշխանությունը, որն օրենսդրական ճանապարհով պարարտ հող էր ստեղծել քաղաքական առեւտրի համար, մասնավորապես՝ համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվում էր գաղտնի քվեարկությամբ, եւ տարիներ առաջ՝ 2016-ին, Վանաձորի ընտրություններից հետո այդպես էլ հանելուկ մնաց, թե ընդդիմադիր կոչվող խմբակցություններից որ մեկն էր իր վճռորոշ քվեով նպաստել Մամիկոն Ասլանյանի ընտրությանը, այն պարագայում, երբ «Լուսավոր Հայաստանը»՝ ի դեմս Քրիստ Մարուքյանի, ամենաշատ ձայներն էր տարել։ Հիմա, նոր փոփոխություններով՝ ՔՊ-ն ուզում է կրկին վերադառնալ նախկին արատավոր համակարգին եւ ավագանու նիստում համայնքի ղեկավարի ընտրության քվեարկությունը դարձնել գաղտնի։
Ուշագրավ է, որ նախագծում որեւէ հիմնավորում չի ներկայացվում, թե ինչու է արվում այդ փոփոխությունը։ Իսկ Դանիել Իոաննիսյանի հարցերին ի պատասխան՝ նախաձեռնող Հովակիմյանը կմկմում էր, «կռուտիտներ» անում՝ այդպես էլ հստակ չպատասխանելով բուն հարցին։ «Մինչեւ անցյալ տարի ԸՕ փոփոխությունները, համայնքի ղեկավարի ընտրությունը փակ-գաղտնի էր, հետո դարձրինք բաց քվեարկությամբ։ Քանի դեռ այն փակ էր, մենք տեսնում էինք, թե ինչպես էր քաղաքական առեւտուր տեղի ունենում։ Մենք՝ բոլորս, այդ թվում դուք՝ Ձեր քաղաքական ուժը, քննադատում էիք փակ քվեարկությունը։ Դրանից հետո, երբ դարձավ բաց քվեարկությամբ, մենք տեսանք, թե ինչպես է իշխանությունը որոշ համայնքներում, որտեղ հաղթել էր ընդդիմությունը, փորձում ճնշում գործադրել, համոզել, «առնել» ընդդիմադիրներին (ընդ որում` «առնելն» ուղիղ իմաստով չէ, որ պետք է հասկանանք, ինչ-որ պաշտոններ էիք խոստանում, ինչպես Մեղրիում եւ այլն), որպեսզի ընդդիմադիրները քվեարկեն ձեր թեկնածուի օգտին։
Բայց շատ ընդդիմադիրներ չքվեարկեցին ՔՊ-ի օգտին, եւ, բացառությամբ Թալինի, մյուս համայնքներում ընդդիմադիր ղեկավարներ ընտրվեցին հենց շնորհիվ այն բանի, որ ընտրությունը տեղի էր ունենում բաց քվեարկությամբ, եւ իրենք հաշվետու պետք է լինեին իրենց ընտրողների առջեւ»,- ելույթում ասաց Իոաննիսյանը։ Վահագն Հովակիմյանը փորձեց տակից դուրս գալ, թե, մեր օրենսդրության համաձայն, անձերի ընտրությունը, որպես կանոն, փակ քվեարկությամբ է տեղի ունենում։ Իոաննիսյանն առաջարկեց՝ այդ դեպքում եկեք վարչապետի ընտրությունն էլ փակ քվեարկությամբ դարձնենք։ Հովակիմյանի հաջորդ պատասխանն ավելի զվարճալի էր․ «Պետք է ավագանուն հնարավորություն տալ, որ քվեարկի խղճի մտոք»։ Ասաց, որ անցած տարի «տեխնիկական սխալ» է տեղի ունեցել, երբ փակից բացի են անցել․ «Ես էլ իմ մեղքի բաժինն ունեմ այդ տեխնիկական սխալում»: Իոաննիսյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Վահագն Հովակիմյանն ԱԺ ամբիոնից ողջունում էր այդ փոփոխությունը․ «Ինչ է՝ չէիք կարդացել նախագիծը, բայց կո՞ղմ եք քվեարկել»։ Մյուս փոփոխությունը վերաբերում էր նախընտրական հիմնադրամներին, որը, Իոաննիսյանի խոսքով, ՔՊ-ն կրկին իր համար է անում։ «Նախագծով սահմանվում է, ըստ էության, ավելի հեշտ կլինի ֆինանսական հաշվետվություն տալ, գործունեություն վարել ի վնաս թափանցիկության, հաշվետվողականության, ի վնաս ընտրությունները փողով չզավթելու սկզբունքի։
Մենք սահմանել էինք ֆինանսական շեմ, որ գաղափար ունեցողների փոխարեն փող ունեցողները չկարողանան առավելություն ստանալ։ Եթե մենք այդ շեմը վերացնում ենք եւ կարողանում ենք բազմապատկել մասնակցած ընտրությունների քանակով, ի՞նչ հնարավորություններ ենք տալիս փող ունեցողներին, որ կարողանան արհեստականորեն շատ տեղերում առաջադրվել, անցողիկ շեմը բազմապատկել արհեստականորեն առաջադրված տեղերի քանակով եւ մի համայնքի վրա ծախսեն շատ ավելի գումար, քան մրցակիցնե՞րը, որոնք գուցե շատ ավելի լավ գաղափարներ ունեն, բայց փող չունեն, ու փողը կգերիշխի։ Սա անում է ԱԺ պատգամավոր, այն պարագայում, երբ օրենքն արգելում է, քանի որ իր համար շահեր է առաջացնում։
Գուցե այս հարցն ուղարկեք Վենետի՞կ։ Սա հարց է, որին Վենետիկի հանձնաժողովը ժամանակին գնահատական է տվել, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունն անդրադարձել է, սա ամենեւին էլ տեխնիկական հարց չէ»,- ասաց Իոաննիսյանը։ Հովակիմյանը պատասխանեց, թե Վենետիկն արդեն իր կարծիքը հայտնել է 20-21 թթ․ «Եվ հետո՝ մենք Վենետիկի հանձնաժողովին ոչ թե վերադաս ենք դիմում, այլ խորհրդատվական կարծիք ենք ուզում լսել»։ Իոաննիսյանը պահանջեց կոնկրետ նշել, թե ինչ է ասել Վենետիկը, սակայն պատգամավորն այդպես էլ չկարողացավ պատասխանել, քանի որ չկա նման կարծիք։ ԸՕ-ում այլ փոփոխություններ էլ են նախատեսվում, օրինակ՝ ՔՊ-ում կարծում են, որ շրջիկ արկղերի ինստիտուտը չարաշահման լրջագույն ռիսկեր է պարունակում, իսկ թե ուր մնաց քաղաքացու ընտրելու իրավունքը, հատկապես առողջական խնդիրներ ունեցողներինը, դա նրանց չի հուզում, ուստի առաջարկում են հրաժարվել շրջիկ քվեարկության ինստիտուտից։ Մյուս փոփոխություններին կանդրադառնանք առաջիկայում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Հայբիզնեսբանկ»-ը տուգանվել է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այս տարի «Հայբիզնեսբանկ» -ի եւ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։ Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինասնավորում իրականացնող վարկային կազմակերպության կողմից «Հայբիզնեսբանկ»-ի կանոնադրական կապիտալի 25 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման միջոցով 2022 թվականի հունվարի 24-ի համակենտրոնացումը օրենքով սահմանված կարգով չհայտարարագրելը Հանձնաժողովը որակել է որպես չհայտարարագրված համակենտրոնացում։ Եւ օրենքի խախտման համար «Հայբիզնեսբանկ»-ի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 2 մլն 125 հազար դրամի չափով։ Տուգանվել է նաեւ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինասնավորում իրականացնող վարկային կազմակերպությունը 2 մլն 125 հազար դրամով։ Բացի այս, «Հայբիզնեսբանկ»-ի մյուս բաժնետեր «Էմ ԷՖ ԷՄ» ընկերությունը եւս տուգանվել է 2 մլն 125 հազար դրամով։ Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին բանկի միակ բաժնետեր է դարձել «էմ էֆ էմ գլոբալ ինվեստ» ընկերությունը, որը գրանցված է Շվեյցարիայում՝ Ցյուրիխում։ Այս տարվա հունվարին բանկում բաժնետերերի նոր փոփոխութուն է տեղի ունեցել, ու «Էմ էֆ էմ գլոբալ ինվեստ»-ի բաժնետոմսերի 25 տոկոսն անցել է «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությանը։ Այսինքն՝ «Հայբիզնեսբանկ»-ի բաժնետեր է դարձել ՀՀ կենտրոնական բանկը, որովհետեւ «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպության հիմնադիրն ու բաժնետերը ԿԲ-ն է։ Ի դեպ, հենց այս գործարքներից հետո նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դարձել է բանկի տնօրենների խորհրդի անդամ։ Իսկ «Հայբիզնեսբանկ»-ի նախկին բաժնետերը Վիտալի Գրիգորյանցն է՝ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերը։ Ասել է թե՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է Կենտրոնական բանկի հիմնադրած ընկերությանը>:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շուգուշիմի անունով բարձրահասակ ծաղրածուն 2020-ից հետո գյումրեցի մանուկների սպասված հյուրն է: Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի մի շարք աշխատակիցներ 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվեցին Գյումրի եւ որպես շրջիկ թատրոն են գործում: Որտեղի՞ց է անունը։ «Քանի որ մենք Շուշիից ենք, իսկ մեր գործունեությունը ծավալվում է միայն Գյումրիում, ընտրեցինք երկու քաղաքների անվան առաջին տառերը եւ ստեղծեցինք հապավում՝ Շուգուշիմի, ծաղրածու՝ Շուշիից եւ Գյումրիից»,- ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն Աշխեն Հարությունյանը: