25.11.2024
Էկվադորի քաղաքացիները կարող են Հայաստան այցելել առանց մուտքի վիզայի
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հույս ունի, որ ՀՀ և ԱՄՀ-ի միջև համագործակցության արդյունավետությունը կբարձրանա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովային:


Վարչապետը շնորհավորել է տիկին Պետրովային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա իր գիտելիքներով ու փորձով կնպաստի ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եռամյա համատեղ նախորդ ծրագիրն իրականացվել է հաջողությամբ և վստահություն հայտնել, որ առաջիկայում կմշակվեն նոր ծրագրեր:

Կառավարության ղեկավարն այնուհետև անդրադարձել է մեր երկրի մակրոտնտեսական վիճակին՝ հավելելով, որ ընթացիկ տարում արձանագրվում են տնտեսական բավականաին բարձր ցուցանիշներ, իսկ պետական բյուջեի եկամուտներն ունեն առաջացիկ աճ: Վարչապետը խոսել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի, կանխիկի շրջանառության կրճատման, համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման և իրականացվող այլ բարեփոխումների մասին՝ շեշտելով, որ կառավարությունը վստահություն է ձեռք բերում այդ ճանապարհին, քանի որ իրականացված նախորդ բարեփոխումները տվել են դրական արդյունքներ:


ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը կարևորել է ՀՀ կառավարության հետ ինտենսիվ համագործակցությունը՝ ընդգծելով, որ ԱՄՀ-ն շարունակելու է նոր ծրագրերով նպաստել ՀՀ-ում տնտեսական կայունությանն ու զարգացմանը: Իվա Պետրովան տպավորիչ է համարել ՀՀ-ում արձանագրվող տնտեսական ցուցանիշները և շեշտել է բարեփոխումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը:


Զրուցակիցներն անդրադարձել են նաև ճանապարհաշինության, կրթության, ենթակառուցվածքների, ջրային ռեսուրսների կառավարման, ջրամբարաշինության, բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձևավորման, մաքսային կարգավորումներին և հանրային այլ ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի: