Հույս ունեմ, որ ի վիճակի կլինենք բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը. Նիկոլ Փաշինյան
Մենք Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջոցով սկսել ենք երկխոսություն։ Երկխոսությունն ինքնին արդեն շատ դրական է, բայց հույս ունենք, որ կարձանագրենք շոշափելի արդյունքներ։ Այս մասին Կատարում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ չի կարող ասել, թե դեռ ոչ մի արդյունք չենք գրանցել, որովհետև "երկխոսության սկզբից հետո մենք Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթներ ենք սկսել, բայց սա մի բան է, որ մենք ունեինք նաև նախկինում"
"Ես հույս ունեմ, որ ի վիճակի կլինենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որն արդեն 30 տարի է, ինչ փակ է",- ասել է Փաշինյանը։
Հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի մոտեցումն ու դիրքորոշումն այն միջանցքի նկատմամբ, որը ենթադրաբար պետք է կապի Ադրբեջանը և Անկարան՝ անցնելով մեր երկրի տարածքի միջով, Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ՀՀ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները.
"Դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։ Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է։ Նկատի ունեմ երկաթուղիներ, ճանապարհներ, և մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով",- հավելել է Փաշինյանը։