23.11.2024
Իշխանի և իշխանության միջև. իրավիճակի լրջությունը ենթադրում է էական փոփոխություններ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Արտահերթ ընտրություններ կլինե՞ն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրավունք» թերթը գրում է. «Ակտիվ լուրեր են շրջանառվում, որ այս օրերին ՔՊ-ականները կոնկրետ գործի են դրվել: Մասնավորապես, մանդատ ստացած, բայց ոչնչով աչքի չընկնող ՔՊ-ական պատգամավորները զրկված են շաբաթ-կիրակի ունենալուց: Իշխանականները նեղ շրջապատում նեղսրտում են, թե` «Շաբաթ-կիրակի ընկած մարզերը, մարզային կառույցներ ենք նոր ձեւավորում»: Ասում են՝ վերեւից հրահանգ է իջել, որ բոլորը իրենց մարզերում հստակ, այսպես ասած, ֆեյս-կանտրոլ անցկացնեն, թե ով, որտեղ ինչ հնարավորություններ ունի: Թե ինչի համար է այս ստուգարքը, իշխանական պատգամավորները դեռ գլուխ չեն հանում, բայց ենթադրում են, որ հնարավոր է՝ արտահերթ ընտրությունների գնան»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ամբողջապես Երեւանի քաղաքապետ է աշխատում դե ֆակտո: Չնայած Երեւանի դե յուրե քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, բայց, օրինակ, Ավինյանն անձամբ է որոշում, թե որ վարչական շրջանում ով է թաղապետ նշանակվելու: «Ավինյանի անմիջական միջնորդությամբ են նշանակվել Աջափնյակի, Արաբկիրի, Կենտրոնի, Դավիթաշենի համայնքապետերը՝ Կամսար Բաբինյանը, Արամ Ազատյանը, Սամվել Ղուկասյանը, Ռոման Համբարձումյանը: Իր շնորհիվ թաղապետներ նշանակվող անձանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերում, որ Երեւանի ավագանու՝ 2023-ին անցկացվելիք ընտրություննների ժամանակ թաղապետներն էլ իրեն պետք է օգնեն, որ քաղաքապետ ընտրվի,- ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով։- Հիմնականում, այսպես ասած, թաղային հեղինակությունների հարող անձանց կամ ընտրություններին «ձայն բերող» անձանց հետ է համագործակցում»: Եթե անգամ Ավինյանի Facebook-ի էջին ուշադիր հետեւենք, ապա կտեսենք՝ այս պահին էլ ասես ոչ պաշտոնապես, բայց Երեւանի քաղաքապետն է եւ, օրինակ, խոսում է Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի կառուցումից, ծրագրերից եւ այլն: Ըստ մեր զրուցակցի՝ «նախկինների» բանեցրած մեթոդները մերժող, այժմ փաստացի նույն ձեռագիրը բանեցնող Ավինյանի գործերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի խառնվում: «Նիկոլ Փաշինյանը ձեռքերը լվացել է քաղաքապետի ընտրության թեմայից ու Ավինյանին ասել. «Ինչ ուզում ես, արա՛ կամ մի՛ արա, հաջորդ քաղաքապետը դո՛ւ պետք է լինես»: Ավինյանն էլ մյուս բոլոր զբաղմունքները թողել ու հիմնովին այդ գործին է լծվել»,- հավելեց մեր զրուցակիցը":


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ պաշտոնին հրաժեշտ տվեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը։ Նա մի ծավալուն գրառում էր կատարել Ֆեյսբուքում՝ թվարկելով իր ու թիմի գրանցած աշխատանքի արդյունքները։ Այս 4 տարվա ընթացքում Ռեւազյանը հասցրել է երկու անգամ մայրանալ, գրվում էր, որ նա ավելի շատ «դեկրետի» մեջ է եղել, քան՝ աշխատանքի։ Այդ մասին էլ է նշել Ռեւազյանը․ «Կոմիտեի ղեկավար լինելու ընթացքում կյանքն ինձ օրհնեց երկու երեխաներով, բայց ես անդադար աշխատում էի»։ Իր գրառման մեջ նա շեշտել է Հայաստան մուտք գործած ազգային ավիափոխադրողի՝ «Ֆլայ Առնայի» մեկնարկի մասին՝ դա համարելով կարեւոր քայլ Հայաստանի համար մրցունակ եւ անվտանգ ազգային փոխադրող ունենալու հարցում։ Վերջում ընդգծել է, որ որոշել է վերադառնալ բիզնեսի աշխարհ: Այս գրառումից հետո շատերը հիշեցին, թե ինչպես Տաթեւիկի օրոք հայկական ավիացիան հայտնվեց ԵՄ «սեւ ցուցակում»։ Մենք տեղեկացանք, որ Տաթեւիկ Ռեւազյանը պատահական չէր տալիս «Ֆլայ Առնայի» անունը։ Լուրեր կան, որ նա աշխատանքի է տեղափոխվելու այս ընկերություն։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել անձամբ նրանից, սակայն Ռեւազյանը չպատասխանեց մեր զանգերին։ Ավելի ուշ մեզ զանգահարեց նրա օգնական Լիլիթը։ Խնդրեցինք մեկնաբանել այս տեղեկությունը։ Նա դժվարացավ Տաթեւիկի անունից մեկնաբանել, բայց խոստացավ փոխանցել նրան, որ երբ հարմար լինի, մեզ հետ կապ հաստատի։ Բայց մինչեւ օրվա ավարտն այդպես էլ չզանգահարեց»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Տաթևիկ Ռևազյանը հրաժարական է տվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնից: Նա գրառում էր կատարել՝ մասնավորաբար նշելով, որ աշխատանքից դուրս է գալիս դրական էմոցիաներով և ոչ ոքի հետ չունի միջանձնային որևէ տարաձայնություն: «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ իրականում իսկապես նրա հրաժարականի պատճառը որևէ մեկի հետ սոսկ անձնական տարաձայնությունները չեն, այլ ավելի խորքային պատճառներ ունեն, ինչն էլ հիմք է տվել նրան դուրս գալ քաղաքականությունից ու, ինչպես ինքն է նշում, կրկին վերադառնալ բիզնեսի աշխարհ: Ռևազյանին ճանաչողները մեզ հետ զրույցում նշում էին, որ նա շատ ծանր է տարել հատկապես այն հանգամանքը, թե ինչպես են ոստիկանական ուժերն իրենց պահում ցուցարարների հանդեպ, նույնիսկ կանանց քաշքշում: Ավելին, նա, ինչպես մեզ փոխանցեցին, մի քանի տեղ բարձրաձայնել է, որ «կարմիր գծեր են անցնում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, կիրակի պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք համաժողովրդական շարժումը կունենա ցանկալի արդյունքներ, ասել էր. «Ցանկալի արդյունքնե՞ր: Իհարկե, լինելու են ցանկալի արդյունքներ։ Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ինչ է ասելու այդ մասին»: Երրորդ նախագահի նշած «վաղը չէ մյուս օրը» այսօր է. Դիմադրության շարժումը հայտարարել է, որ ժամը 19.30-ին կլինի հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում: «Փաստ» թերթի տեղեկություններով, այդ հանրահավաքին Իշխան Սաղաթելյանը խոսելու է շարժման նոր փուլի մասին, մասնավորաբար ներկայացնելու է հետագա անելիքների մանրամասները, այսինքն՝ թե ինչ հունով է գնալու շարժումը, ինչ գործիքակազմով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի նախօրեի հայտարարությունը մեծացրել է այսօրվա հանրահավաքի նկատմամբ հետաքրքրությունը: Հունիսի 14-ին Իշխան Սաղաթելյանը ոչ միայն ամփոփելու է անցած մոտ 2 ամիսների արած-չարածը, այլեւ հայտարարելու է ավելի երկարատեւ ընդմիջումներով հանրահավաքների շարքը շարունակելու մարտավարության մասին։ Նախապես, շաբաթը մեկ ինտերվալի շուրջ է եղել համաձայնությունը։ Խոսվելու է նաեւ վրանային ակցիաների մասին, հավանաբար, կհորդորեն վրանները հանել Ֆրանսիայի հրապարակից՝ այլ եղանակներով պայքարը շարունակելու առաջարկով: Ագնեսա Խամոյանը մեզ փոխանցեց. «Շարժման հետագա մարտավարության եւ հետագա քայլերի մասին սպասեք Իշխան Սաղաթելյանի ելույթին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանություններին մենք հորդորում ենք հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ մասնավորապես թույլ տալով բոլոր քաղաքացիներին խաղաղ կերպով արտահայտել իրենց դիրքորոշումները եւ լրագրողներին՝ իրականացնել իրենց աշխատանքն առանց միջամտության»,- «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել դեսպանատուն՝ ուղղելով հետեւյալ հարցերը. 1. Հետեւե՞լ եք հունիսի 3-ին՝ «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ տեղի ունեցած բռնության դեպքերին, երբ բախումներ տեղի ունեցան ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Ի՞նչ տեսակետ ունեք: 2. Արդյոք ժողովրդավարական չափանիշների մե՞ջ է մտնում առանց զգուշացնելու, առանց հրապարակային նախազգուշացման հատուկ միջոց կիրառելը: 3. Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանում սկսված ներքաղաքական լարվածության ելքը, որի պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: 4. Ինչպե՞ս եք գնահատում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը, որոնց առնչությամբ համացանցում տարաբնույթ տեսանյութեր կան: Այս հարցերին ի պատասխան՝ դեսպանատնից ստացել ենք գրություն, որը ներկայացնում ենք ստորեւ. «Բողոքի խաղաղ ակցիաները բաց քաղաքական համակարգի տարրերից են։ Մենք լիարժեք սատարում ենք խոսքի ազատության եւ խաղաղ հանրահավաքների հիմնարար ազատությունների իրացման իրավունքը: Բոլոր կողմերին հորդորում ենք պահպանել խաղաղ ընթացքը եւ հարգել իրավունքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը։ Տեղյակ ենք, որ կառավարությունը որոշ իրավապահների կողմից ոչ համաչափ ուժի կիրառման հետ կապված քննություններ է սկսել։ Մենք ողջունում եւ խրախուսում ենք նման չարաշահումներ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված կառավարության ջանքերը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ այսօրվա նիստի մեկնարկից առաջ, երեկ ՔՊ խմբակցությունը նիստ է արել։ Բացի նիստի օրակարգում ընդգրկված նախագծերին անդրադառնալուց, քննարկել են նաեւ ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցը: Իշխանականները տեւական ժամանակ է՝ խոսում են ավելի քան մեկ տասնյակ պատգամավորի՝ բացակայության հիմքով մանդատից զրկելու իրենց ցանկության մասին, որը բարձրաձայնել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Իշխանական թիմի մեր աղբյուրներն ասում են, որ փակ քննարկման ժամանակ հարցը միանշանակ չի ընդունվել, իշխող խմբակցությունում կարծիքները բաժանվել են․ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանի, Հակոբ Արշակյանի գլխավորությամբ՝ թիմի արեւմտամետները դեմ են եղել նման գործընթացին՝ ասելով, որ այն միջազգային կառույցների կողմից միանշանակ չի ընդունվի։ Մյուս թեւը պնդել է՝ եթե մանդատներից չէ, ապա պետք է զրկել հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների, փոխխոսնակի պաշտոններից: ԱԺ նախագահը նիստին չի մասնակցել՝ նա գործուղման է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում կասկածներ կան, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործը ԱԱԾ-ում դոփում է տեղում, եւ նախաքննական մարմինը, ըստ էության, շահագրգռվածություն չունի այս գործը առաջ տանելու եւ առանձնատան վաճառքի առեղծվածը բացահայտելու: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ հետաքրքրվելով, թե հարուցված քրեական գործի շրջանակներում արդյոք առանձնատան գնորդ Նարեկ Նալբանդյանը հրավիրվել Է ԱԱԾ եւ հարցաքննվել, ինչ է բացահայտվել առանձնատան վաճառքի գործով, եւ այս ժամանակահատվածում ինչ ապօրինություններ է բացահայտել ԱԱԾ-ն, ինչ փուլում է գտնվում քրեական գործը։ Ի պատասխան մեր գրավոր հարցադրումներին՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ, փոխգնդապետ Լ. Թաթոյանը հայտնել է. «Հայտնում եմ, որ Ձեր հարցման մեջ նշված քրեական գործով Նարեկ Նալբանդյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ եւ հարցաքննվել: Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, իսկ հայցված մյուս տեղեկությունները հանդիսանում են նախաքննական գաղտնիք եւ հրապարակման ենթակա չեն»: Ասել է թե՝ նախաքննական մարմինը, հղում անելով նախաքննական գաղտնիքին, մեր մյուս հարցադրումներին չի պատասխանել: Եթե ԱԱԾ-ն այս երկու ամսվա ընթացքում որեւէ բան բացահայտած լիներ առանձնատան վաճառքի գործով, ապա կհայտներ, ինչը հիմք է տալիս կարծելու, որ իրավապահների մտավախությունը տեղին է, որ նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործը ծածկադմփոց են անում քննչական այդ մարմնում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ, բավարարեց կաթողիկոսի եղբորորդուն՝ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ Նրան մեղադրում են մի ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելու հարցում պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ կաշառք վերցնելու մեջ։ Այս գործով անցնում են նաեւ Արմավիրի մարզի 2 դատավոր։ Մեկը դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանն է, մյուսը՝ դատավոր Արթուր Ադամյանը, որոնց էլ, ըստ մեղադրանքի, Ներսիսյանը միջնորդել է մեղմ պատիժ նշանակելու հարցում։ Թեեւ պատիժը, պարզվում է, այնքան էլ մեղմ չէ՝ հոդվածով սահմանված առավելագույն 8 տարուց 6 տարի է տվել դատարանը։ Մենք տեղեկացանք, որ իրավապահները խուզարկության են գնացել դատարանի նախագահի բնակարան, սակայն տանը հայրն է եղել եւ թույլ չի տվել՝ հայտարարելով, թե իր որդին վաղուց այդ տանը չի բնակվում։ Հիշեցնենք, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար նախաքննական մարմինը նախ պետք է դիմի ԲԴԽ-ին՝ ստանա համաձայնություն։ Սակայն խուզարկության գնացած իրավապահները շրջանցել են օրենքի դրույթը՝ ընդամենը ԲԴԽ-ին իրազեկելով, որ այսպիսի գործողություն են իրականացնում, եւ ԲԴԽ-ն այն ընդունել է ի գիտություն։ Պատճառաբանությունն այն է, որ խուզարկությունը դեռ քրեական հետապնդում չի համարվում։ ԲԴԽ-ից այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն չտվեցին, ասացին՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ գործի հետ առնչություն ունեցող որեւէ մեկնաբանություն չենք տալիս։ Սրանով ակամայից հաստատեցին մեր տեղեկությունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ պետք է՝ խափանվում է Դատարաններում գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը թեեւ «զոռով-շառով» վերագործարկվեց՝ ԱԱԾ-ն վերջապես վերադարձրեց ծրագրի բանալիները, բայց մինչ օրս նորմալ չի աշխատում։ ԲԴԽ-ից խոստովանեցին, որ դեռ խափանումներ առաջանում են։ Ուշագրավ է, որ այդ խափանումները հատկապես քաղաքական գործիչներին վերաբերող դատավարությունների ժամանակ են առաջանում, երբ պետք է այս կամ այն ընդդիմադիր գործչի քրեական գործի քննությունը մակագրել իշխանությանն «առընթեր» ու կանխատեսելի դատավորի։ Դրա համար էլ համակարգը մի պահ «խափանվում» է, որպեսզի մակագրումն արվի ձեռքով, հետո նորից վերականգնվում։ «Մենք մայիսի 5-ին հայտարարություն տարածել ենք գործարկման մասին, այնտեղ նշել ենք, որ հնարավոր է՝ որոշակի խափանումներ, անճշտություններ լինեն, մինչեւ կվերականգնվի նաեւ դա»,- ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Լիլիթ Շաբոյանը՝ նշելով, որ այս պահին էլ «որոշակի անճշտություններ» լինում են, բայց ամբողջական համակարգը գործում է։


 Նա նաեւ նշեց, որ իրենք գումար են հատկացրել համակարգի վերագործարկման համար, իսկ նոր համակարգ ներդնելու համար նախկինում քննարկումներ են ունեցել․ «Բայց քանի որ հրատապություն էր առաջացել՝ էս համակարգը վերագործարկելու, արդեն եղածը գործարկեցինք»։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ համակարգի մեկ տարի կանգնելուց ու վերագործարկվելուց հետո հանկարծ սկսել են խափանումներ առաջանալ, մինչդեռ նախկինում նման խնդիրներ չէին լինում։ Շաբոյանն այսպիսի տեխնիկական բացատրություն տվեց․ «Համակարգը վեց ամսից ավել չէր գործում, ու, բնականաբար, միանգամից գործարկելն ու ինֆորմացիոն ամբողջական հոսքը սերվերների վրա ապահովելը բավականին բարդ է, ու անճշտություններ, բնականաբար, կլինեն՝ ծրագրային խնդիրներ են»։ Իսկ կարո՞ղ է այդ անճշտություններն առաջանում են հենց այն պահին, երբ քաղաքական բնույթի գործեր պետք է քննվեն։ «Չէ, նման խնդիր չկա»,- կարճ արձագանքեց ԲԴԽ խոսնակը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, սեպտեմբերին ՀՀ-ում սպասվում են ՏԻՄ մի քանի ընտրություններ, քանի որ, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, մի շարք խոշորացված համայնքներ էլ ավելի են խոշորանալու։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս փուլում ընտրական հանձնաժողովի բավական մեծ թվով անդամների լիցենզիայի ժամկետը լրացել է, և, համապատասխանաբար, նոր լիցենզիա ստանալու գործընթաց է սկսվել։ Ըստ տեղեկությունների, իշխանությունները «ինքնամոռաց» մտել են թեմայի մեջ և քննություններին աննախադեպ մեծ թվով թեկնածուներ են գրանցել, որպեսզի ընտրական գործընթացում կադրային խնդիրներ չունենա։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ հիմնականում հաշվի չեն առնվել մարդկանց ունակություններն ու ընտրություն կազմակերպելու փորձը, այլ քննության են ուղարկել՝ զուտ «մերը լինի» սկզբունքով ու քանակ ապահովելու համար։ Թերթի տեղեկություններով, հատկապես այն համայնքներում, որտեղ համայնքապետները «սվոյ» չեն, մարզային իշխանությունները կոնկրետ հրաման են իջեցրել, որ լիցենզավորմանը ոչ մի պարագայում չմասնակցեն այդ բնակավայրերի դպրոցների, ինչպես նաև համայնքային ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցները»: