26.12.2024
Մեր օրակարգի գլխավոր հարցը կապված է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ. Փաշինյանը՝ Լավրովին
prev Նախորդ նորություն

Եվս մեկ վարկ՝ 22 600 000 եվրո գումարի չափով

ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր՝ հունիսի 9-ին, ստորագրվել է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ:


Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:


22 600 000 եվրո գումարի չափով վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուղղությունները՝ համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացում» կետի դրույթներին: Նախատեսվում է՝


մինչեւ 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումն անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով,

մինչեւ 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական եւ ինժեներական լաբորատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը,

մինչեւ 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 500 մանկապարտեզ եւ նախակրթարական՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով,
բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացնել նորարարական ու զարգացման ծրագրեր, նպաստել դասավանդման և ուսումնառության միջավայրի, ինչպես նաեւ հետազոտական կարողությունների զարգացմանը:

Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, նշել է.« Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերը մեզ համար ոչ միայն ֆինանսական միջոցներ են, որոնք ուղղվում են կրթական կարևորագույն ենթակառուցվածքների և միջավայրի ձևավորմանը այլև հնարավորություն են տալիս մշտապես համագործակցել ՀԲ փորձառու թիմի հետ և ստեղծել նմանօրինակ արժեքավոր ծրագրեր»:


«Սույն ծրագրով Կառավարությունը կրթության բոլոր աստիճաններով, այդ թվում՝ երեխայի վաղ տարիքի եւ բարձրագույն կրթական ծառայությունների համապատասխանության, որակի եւ մատչելիության բարելավման նպատակ ունի։ Ծրագիրը կարեւոր ուղիներով նպաստում է Հայաստանի մարդկային կապիտալի հզորացմանը եւ տնտեսության մրցունակության բարձրացմանը»,- իր խոսքում նշել է Կարոլին Գեգինատը: