Քոչարյան. Հուլիսյան ճգնաժամը «դեղին քարտ էր երկրի քաղաքական համակարգին»
Հայաստանի տնտեսության վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի հուսադրող բան չի կարող ասել: «Մեր վիճակագրությունն այլևս չի արտացոլում իրական տնտեսական իրավիճակը, իսկ կառավարությունը դադարել է ձևակերպել և ձևավորել տնտեսական քաղաքականությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Նրա կարծիքով, սոցիալական ցանցերն այսօր ինչպես մարդկանց տրամադրությունների, այնպես էլ երկրում ձևավորված սոցիալ-քաղաքական իրավիճակի ամենօբյեկտիվ ցուցիչն են: «Արդեն մի քանի տարի է, ինչ հասարակության մեջ դիտվում է բացասական տրամադրությունների ինտենսիվ կուտակում: Այսօր դրանք չափազանց սրվել են, ընդ որում՝ այդ տրամադրությունների ծայրահեղականացման գործընթաց է ընթանում: Դա չի կարող չանդրադառնալ ներդրումային ակտիվության, գնողական տրամադրությունների, միգրացիայի, այսինքն՝ ընդհանուր առմամբ տնտեսության վրա», - ասել է նա:
Անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբի գործողությանը Երեւանում հուլիս ամսին՝ Քոչարյանը նախ նշել է, որ ռադիկալ դրսեւորումներ կարող են լինել ցանկացած երկրում, սակայն նա կարեւորել է հասարակության ու պետության արձագանքման հնարավորությունները:
«Ռադիկալ դրսևորումներ կարող են լինել ցանկացած, նույնիսկ ամենաբարեկեցիկ և ժողովրդավարական երկրներում: Ամենուրեք կգտնվեն մարդիկ, ովքեր ծայրահեղությունների մեջ կտեսնեն քաղաքական և սոցիալական խնդիրների լուծման ուղին: Հարցն այն է, թե ինչպես է արձագանքում հասարակությունը ներքաղաքական խնդիրների ուժային, զինված լուծման փորձերին: Ինձ առավելապես մտահոգել է մեր հասարակության ռեակցիան տեղի ունեցածին: Չնայած զոհի առկայությանը, ընդամենը մեկ օր հետո հասարակության մեջ գերակշռող դարձավ զինված խմբի ընկալումը՝ որպես ապստամբների, որ մարտահրավեր են նետել իշխող ռեժիմին», - ասել է նա:
Սա, ըստ Քոչարյանի, խոսում է մարդկանց տրամադրությունների, իշխանության հանդեպ նրանց վերաբերմունքի, այն ճնշման մասին, որ գործում են հասարակական գիտակցության վրա քրոնիկ դարձած քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրները: «Սա դեղին քարտ է երկրի քաղաքական համակարգին: Կրկնվեմ. ոչ թե ինքնին ոստիկանական գնդի գրավման փաստը, այլ հասարակության արձագանքը այդ գործողությանը, փողոցում ու սոցիալական ցանցերում մասսայական աջակցության արտահայտումը և կատարողների հերոսացումը», - կարծում է նախկին նախագահը:
Այսպիսի երևույթը, կարծում է նա, հնարավոր չէ արհամարել և դրա հետ պետք է ինչ-որ բան անել, հակառակ դեպքում երկիրը ապրելու է ասես վառոդի տակառի վրա: «Պետք են արմատական ռեֆորմներ, մարդիկ պետք է քաղաքական մրցակցություն տեսնեն երկրում և փոփոխությունների հնարավորություն՝ լեգիտիմ ընտրական գործընթացի, այլ ոչ թե պետական հիմնարկներ գրավելու և պատանդներ վերցնելու միջոցով», - եզրափակել է նա: