Կառավարական ամառանոցի մոտ բախման հետևանքով 50 մարդ ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն
Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:
Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարությունը, ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել:
Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել:
Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար։
Հունիսի 3-ի երեկոյան կառավարական ամառանոցների մոտ «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ իրավիճակը կտրուկ լարվել է: Իրավապահների ու ցուցարարների միջև բախումը սկսվեց այն բանից հետո, երբ ոստիկանները թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին շարժվել կառավարական ամառանոցներից դեպի Դեմիրճյան փողոց՝ ԱԺ շենք։
Բախման ժամանակ ոստիկանները կոշտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ, մասնավորապես՝ օգտագործել լուսաձայնային նռնակներ և ձերբակալել ցուցարարներին։ Տուժածների մեջ կան տասնյակ ոստիկաններ և ցուցարարներ:
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ապրիլի 25-ից տեղի են ունենում ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ Արթուր Վանեցյանի "Պատիվ ունեմ" խորհրդարանական դաշինքի կողմնակիցները:
Դրա պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հայկական կողմի "նշաձողի իջեցման" հնարավորության մասին։
Ակտիվիստները ցերեկը փակում են փողոցները, պիկետներ կազմակերպում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ երեկոյան երթեր են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով։ Ընդդիմությունը վրաններ է տեղադրել Երևանի կենտրոնում։