Ընդդիմադիր պատգամավորները վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ
«Քաղաքացիական պայմանագիր» իշխող ուժի համար Հայաստանի և Արցախի ապագայի խնդիրները կեղծ օրակարգ են: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ լիագումար նիստերի դահլիճից դուրս գալով արտահերթ նիստի խափանումից հետո հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Եթե իրենց համար կեղծ օրակարգ են Հայաստանի և Արցախի ապագայի հարցերը, ապա այն ինչ կարող եմ նրանց մասին ասել խորհրդարանի պատերից ներս, անթույլատրելի է»,- ասաց Մամիջանյանը՝ մեկնաբանելով իշխող մեծամասնության դիրքորոշումը։ Նա ասաց, որ ընդդիմադիր պատգամավորները շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ կորոշվեն ընդդիմադիր շարժման հետագա քայլերը։
Խորհրդարանական ընդդիմությունն արդեն երրորդ անգամ արտահերթ խորհրդարանական նիստ է հրավիրում Արցախին և Հայաստանի սահմաններին առնչվող հարցերի շուրջ, և երրորդ անգամ իշխող մեծամասնությունը տապալում է նիստը՝ բոյկոտելով այն։ Խնդիրն այն է, որ քվորում ապահովելու և ժողով սկսելու համար ընդդիմությունը չունի բավարար մանդատ, ընդդիմադիրներն ունեն ընդհանուր առմամբ 35 մանդատ, քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 54։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու, չնայած տխուր փորձին, ընդդիմությունը, այնուամենայնիվ, բռնեց արտահերթ նիստ հրավիրելու ուղին և եկավ գրանցման, Մամիջանյանը նշեց. «Մենք հույս ունեինք, որ նման մեծաթիվ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունում կգտնվեն մարդիկ, ովքեր համարձակություն կունենան եւ իրենց կարծիքը կհայտնեն Արցախի եւ Հայաստանի ապագայի վերաբերյալ»։