ԱՄՆ Պետդեպը մտահոգ է Արցախում հայկական մշակութային ժառանգության ապագայով
ԱՄՆ պետքարտուղարությունը հունիսի 2-ին հրապարակել է «Միջազգային կրոնական ազատության 2021թ․-ի զեկույցը»:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկույցի «Ադրբեջան» բաժնում ԱՄՆ պետքարտուղարությունը հիշատակում է ԵԽԽՎ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական հետևանքների» վերաբերյալ բանաձևում կառույցի արտահայտված մտահոգությունը՝ կապված Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տասնյակ հայկական եկեղեցիների, վանքերի, ներառյալ՝ Դադիվանք վանական համալիրի, խաչքարերի և մշակութային ժառանգության այլ կոթողների ապագայի վերաբերյալ:
Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը հայ ուխտավորներին բազմիցս մերժել է մուտք գործել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում գտնվող վանք։ Ադրբեջանցիներն իրենց հերթին չեն կարողացել այցելել բազմաթիվ կրոնական հաստատություններ՝ ականապատման պատճառով:
Պետքարտուղարությունը հիշեցրել է` ԵԽԽՎ բանաձևը մտահոգություն է հայտնում Ադրբեջանում պետական մակարդակի վրա զարգացող այն նարատիվի առնչությամբ, որը ձգտում է հայկական մշակութային ժառանգությունը փոխարինել «կովկասյան ալբանական» ժառանգությամբ:
Ընդգծվում է, որ տարվա ընթացքում բազմաթիվ հաղորդումներ են ստացվել հայկական մշակութային և կրոնական օբյեկտների նկատմամբ վանդալիզմի, ինչպես նաև հայկական ժառանգության նկատմամբ կառավարության դիտավորյալ իրականացվող գործողությունների մասին: