23.11.2024
Հայաստանն ու Պորտուգալիան իրական գործընկերներ են և կիսում են մի շարք առաջնահերթություններ
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանան

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հայ համայնքի հրավերով Լիբանանում է։


Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ից, պատվիրակության կազմում են ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, Արցախի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն, ԱԺ նախագահի խորհրդական Կարեն Վանյանը։


Հանդիպման առաջին վայրը Լիբանանի հայկական գյուղաքաղաք Այնճարն էր, որտեղ պատվիրակությանը դիմավորել են քաղաքապետն ու Այնճարի ՀՅԴ Կարմիր Լեռան կոմիտեի ներկայացուցիչները։


«Սարգիս Զեյթլյան» ժողովրդային տանը հանդիպելուց հետո պատվիրակության անդամները այցելել են գյուղաքաղաքի պատկերասրահ, Մուսա լեռան ազգագրական թանգարան, Սուրբ Պողոս Եկեղեցի և Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր։


Այնուհետև «Մովսես Տեր Գալուստյան» սրահում հանդիպել են գյուղաքաղաքի հայ բնակչության հետ։


Հանդիպման ընթացքում Արցախի խորհրդարանի ղեկավարը տեղի հայ բնակչությանն է ներկայացրել մինչպատերազմական և հետպատերազմյան Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացված և ընթացիկ ծրագրերի գործընթացը։ Անդրադարձել է Արցախի կարգավիճակի և արցախցիների ինքնորոշման հարցով Արցախի նախագահի, ԱԺ նախագահի և ԱԺ խմբակցությունների բազմիցս հրապարակած հայտարարություններին և հարցազրույցներին։ Իր ելույթում ԱԺ նախագահը առաձնապես շեշտել է ռուս խաղաղապահ զորակազմի դերակատարությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության վստահելի երաշխավորի։


Արթուր Թովմասյանը տպավորվել է Այնճարի բնակչության նիստուկացով, ավանդույթներով, արցախյան հյուրասիրությամբ։ ԱԺ նախագահի կարծիքով՝ Այնճարում ամենակազմակերպված հայկական համայնքն է։Նրանք բազմաթիվ ընդհանրություններ ունեն արցախցիների հետ, տեղի բարբառում առկա են արցախյան բարբառի նմուշներ։


Գյուղը կառուցել են մուսալեռցիները։ Բնակչության մեծամասնությունը մարտնչող դաշնակցականներ են։


Նշվում է, որ չնայած բազմաթիվ կենցաղային հոգսերին՝ այնճարցիները մտահոգված են Արցախի ապագայով։ Արցախյան ազատամարտին անմասն չէր Այնճարը։ Այնճարցի Գևորգ Հաջիյանն անմահացել է Արցախյան 3-րդ պատերազմում։


Այցելելով Մուսա Լեռան ազգագրական թանգարան՝ ԱԺ նախագահը տպավորություններով կիսվել է գյուղաքաղաքի հուշամատյանում, որտեղ վերջին գրառումը կատարել էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։


Հանդիպմանը ելույթով հանդես է եկել ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։