15 երկրներից ավելի քան 2500 մարդ է գրանցվել մասնակցելու Առաջին Եվրասիական տնտեսական համաժողովին, որը կմեկնարկի մայիսի 26-ին Բիշքեկում (Ղրղզստան): Այսպիսով, ֆորումը կորոնավիրուսի համավարակի պատճառով հարկադրված ընդմիջումից հետո կդառնա ԵԱՏՄ ամենամասշտաբային գործարար իրադարձություններից մեկը:
Այս մասին մայիսի 24–ին Բիշքեկ–Մոսկվա–Մինսկ–Երևան-Նուր-Սուլթան տեսակամուրջի շրջանակներում պատմել է ԵՏՀ 2022 թվականի Եվրասիական տնտեսական համաժողովի կազմակերպման և անցկացման օպերատիվ շտաբի ղեկավար, ԵՏՀ արձանագրության և կազմակերպչական ապահովման վարչության տնօրեն Դանիյար Տուրուսբեկովը։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Տուրուսբեկովը նշել է, որ համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը շատ բարձր է։ Դա մեծապես կապված է համաժողովի ճարտարապետության հետ, որտեղ նախատեսված են քննարկումներ ԵԱՏՄ հետագա զարգացման, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների, ֆինանսաբանկային քաղաքականության, արդյունաբերական համագործակցության, թվային և երիտասարդական օրակարգերի, էլեկտրոնային առևտրի և ԵԱՏՄ-ում համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ:
“Այս օրերին Բիշքեկ կժամանեն ԵԱՏՄ երկրների խոշորագույն բիզնեսի և պետական մարմինների ներկայացուցիչները։ Համաժողովը կդառնա բիզնեսի և իշխանության ուղղակի երկխոսության, առկա հարցերի քննարկման, նոր նախաձեռնությունների առաջադրման հարթակ։ Միջոցառումները, անկասկած, թույլ կտան ամրապնդել գործնական շփումները, ձեռնամուխ լինել համատեղ նախագծերի իրականացմանը, քննարկել համագործակցության հեռանկարները տարբեր ուղղություններով”, – նշել է Դանիյար Տուրուսբեկովը ։
Համաժողովի շրջանակներում տեղի կունենա շուրջ 35 միջոցառում։ Համաժողովը ներառում է Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների մասնակցությամբ լիագումար նիստ, ինչպես նաև 21 թեմատիկ նստաշրջան: Համաժողովի նախաշեմին սպասվում են ԵԱՏՄ երկրների բուհերի ռեկտորների, ինչպես նաև միության էներգետիկ, տրանսպորտային, մաքսային գերատեսչությունների ղեկավարների հանդիպումները:
Համաժողովին նախատեսվում է ստորագրել շուրջ 10 հուշագրեր և համաձայնագրեր։
Համաժողովի շրջանակներում կկազմակերպվի ԵԱՏՄ լավագույն ագրոարդյունաբերական ապրանքների ցուցահանդես: Միության արտադրանքի ցուցադրությունը լրացուցիչ խթաններ կստեղծի ԵԱՏՄ ապրանքների մրցունակության բարձրացման համար, կնպաստի Միության ապրանքների փոխադարձ առևտրի և արտահանման զարգացմանը:
Ամփոփելով՝ Դանիյար Տուրուսբեկովը նշել է, որ Ղրղզստանի Հանրապետության նախագահի, նախարարության և գերատեսչության վարչակազմը ԵՏՀ-ի հետ համատեղ առավելագույն միջոցներ են ձեռնարկել Եվրասիական առաջին տնտեսական համաժողովի արդյունավետ անցկացման համար: