ԱՄՆ դեսպանը կրկին այցելել է Սյունիք
Մայիսի 24-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից:
Դեսպանը նախ շնորհավորեց մարզպետին նշանակման կապակցությամբ։ Ապա Լին Թրեյսին ասաց, որ հասկանում է՝ հիմա մարտահրավերներով լի շրջան է Սյունիքի համար և հավելեց, որ դեսպանատունը շարունակում է իր աջակցությունն ԱՄՆ կառավարության տարբեր կառույցների միջոցով։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ներդրումներով մարզում իրականացված ծրագրերի, հատկապես ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով գյուղական համայնքներում կատարված աշխատանքների համար՝ ցանկություն հայտնելով դրանք շարունակելի տեսնել։
Մարզպետը նաև կարևորեց դեսպանի՝ պարբերաբար Սյունիք այցելելը՝ նշելով, որ տեղի բնակիչների համար դա որոշակի ցուցիչ է։ Բարձրաստիճան դիվանագետն ու մարզի ղեկավարը մի շարք հարցեր են քննարկել՝ ուղղված մարզի սոցիալ-տնտեսական, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, տնտեսության դիվերսիֆիկացման, կրթական, երիտասարդական հարցերին ու առհասարակ՝ Սյունիքի զարգացման ուղղություններին։
Դեսպանը կարևորել է հատկապես Սյունիքում զբոսաշրջության զարգացումը՝ նշելով, որ այս առումով մարզը մեծ ներուժ ունի, ու դա պետք է ներկայացնել մարդկանց։ Կողմերի միջև հետագա համագործակցության և փոխգործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։