«Դիմադրության» շարժումը երթեր է մեկնարկել Երեւանի փողոցներում` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երեկոյան՝ ժամը 19:00-ին հանրահավաք են անցկացնելու Սասունցի Դավթի արձանի մոտ։
Այս պահին շարժման մասնակիցներն ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել են արտաքին գործերի նախարարության շենքը: Սաղաթելյանը հայտարարեց, որ այդ շենքը կապ չունի հայկական շահերի հետ, եւ որքան քիչ աշխատի, այնքան քիչ վնաս կհասցնի հայկական շահերին։
Ընդդիմության առաջնորդները մեղադրում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին` Հայաստանն ու Արցախը «աշխարհաքաղաքական աճուրդի դնելու համար»: Նրանց կարծիքով, մայիսի 23-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը հարցականի տակ է դնում Արցախի անկախ ապագան:
«2 օր առաջ Բրյուսելում դավաճան Նիկոլը և Արարատը համաձայնել են շարունակել մի գործընթաց, որի արդյունքում Արցախի ապագան դրված է հարվածի տակ, որի արդյունքում Հայաստանը զրկվելու է ինքնիշխանությունից», - ԱԳՆ շենքի մոտ «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, բրյուսելյան հանդիպումը «խայտառակություն է հայ ժողովրդի պատմության մեջ»:
Ընդդիմադիրները հատկապես մատնանշում են այն, որ բրյուսելյան հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ կողմերը խուսափել են անգամ «Լեռնային Ղարաբաղ» և «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» եզրույթներից:
«Փոխարենն օգտագործվել է «Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչություն» ձևակերպումը և խոսվել է Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին, որոնք պետք է ապահովի Ադրբեջանը: Սա նշանակում է, որ Ղարաբաղի հայերը, ըստ Փաշինյան-Ալիև համաձայնության, դիտարկվում են որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում», - ասված է ընդդիմության տարածած հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ հայտարարության մեջ նույնիսկ օգտագործվել է «Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման» եզրույթը, «ինչը ևս ծայրահեղ վտանգավոր հետևանքներ է առաջացնում, ընդհուպ Հայաստանի ինքնիշխանության, տարածքների նկատմամբ ադրբեջանական հերթական ապօրինի պահանջների հնարավորություն»:
Նշենք, որ Երևանում մեկնարկած ցույցերին զուգահեռ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Հայրենիք կուսակցությունները հայտնում են, որ առավոտից խուզարկություններ են ընթանում կուսակցության անդամների տներում։ Ընդդիմության առաջնորդները տեղի ունեցողն անվանում են բռնաճնշումներ` հայտարարելով, որ հրահանգ տվողները և կատարողները «պատասխան են տալու»: