Քննարկվել է դատաիրավական ռազմավարության բարեփոխումների ընթացքը
Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ամփոփիչ քննարկում՝ դատաիրավական ռազմավարության ուղղությունների վերաբերյալ:
Ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ամփոփիչ վերլուծական քննարկումներ են ծավալվել Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսման, փաստահավաք գործունեության իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի ներդրման, Սահմանադրական դատարանին առնչվող բարեփոխումների ուղղությունների և դատաիրավական ռազմավարության բարեփոխումների ընթացքի ուղղություններով:
Ռազմավարության մշակման և ընդունման գործընթացը հնարավորինս մասնակցային դարձնելու համատեքստում՝ գույքագրվել են քաղհասարակության ներկայացուցիչների կողմից բարձրաձայնված խնդիրները, դրանց ուղղությամբ հնչեցված առաջարկներն ու կարծիքները, ինչպես նաև նախանշվել են գործունեության հետագա ուղղությունները:
Փոխնախարար Մինասյանը քննարկման ընթացքում հատուկ արձանագրել է, որ ԲԴԽ որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսման հարցը մատնանշվում է միջազգային գործընկերների կողմից: Այդ ուղղությամբ արդեն իսկ կազմակերպվել է քննարկում ԲԴԽ անդամների և ՀՀ տարբեր ատյանների դատավորների հետ, որոնց արդյունքում՝ դիտարկվել է չորս հնարավոր տարբերակ՝ ԲԴԽ որոշման բողոքարկում ԲԴԽ մեծ պալատ, Սահմանադրական դատարան, Վճռաբեկ դատարան կամ նոր ստեղծվելիք անկախ մարմին: Օրակարգի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Դատաիրավական ռազմավարության բարեփոխումների ընթացքին և պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ավելի ներառական ու լայն քննարկում՝ փաստահավաք գործունեության իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի ներդրման հնարավոր ուղղությունների բացահայտման նպատակով: