Իշխան Սաղաթելյանը հայտնել է մայիսի 23-ի հանրահավաքի ու երթի չեղարկման մասին
ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնել է մայիսի 24-ի հանրահավաքի ու երթի չեղարկման մասին:
«Ինչպես և հայտարարել էինք` այսօր վաղ առավոտվանից շարունակվում են անհնազանդության ակցիաները. մեր հարյուրավոր քաղաքացիներ ամենատարբեր ձևերով ամեն օր դրսևորում են իրենց արդար բողոքը:
Վատ եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ նախատեսված չեն։
Վաղը՝ մայիսի 24-ին, առավոտյան՝ ժամը 08:00-ին, բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. միասին կարևոր անելիք ունենք:
Իսկ նույն օրը երեկոյան՝ ժամը 19:00-ին, այս անգամ արդեն Սասունցի Դավթի արձանի մոտ կմեկնարկի մեր հանրահավաքը:
Այս շաբաթվա ընթացքում մենք մեր ավանդական հանրահավաքները մեկնարկելու ենք Երևանի տարբեր վարչական շրջաններից` այդ վայրերում ապրող մեր քաղաքացիներին ավելի լավ առիթ տալով միանալու համազգային շարժմանը:
Եվ ուրեմն, կհանդիպենք մայիսի 24-ին՝ ժամը 08:00-ին, Ֆրանսիայի հրապարակում», - ասված է նրա գրառման մեջ։
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ապրիլի 25-ից տեղի են ունենում ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ Արթուր Վանեցյանի "Պատիվ ունեմ" խորհրդարանական դաշինքի կողմնակիցները:
Դրա պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հայկական կողմի "նշաձողի իջեցման" հնարավորության մասին։
Ակտիվիստները ցերեկը փակում են փողոցները, պիկետներ կազմակերպում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ երեկոյան երթեր են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով։ Ընդդիմությունը վրաններ է տեղադրել Երևանի կենտրոնում։