Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ մայիսի 20-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Գիտանաս Նաուսեդան ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Լիտվայի նախագահը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Իր հերթին պարոն Գիտանաս Նաուսեդան Հայոց ցեղասպանության թանգարանին նվիրեց Հոլոքոստի մասին գրքեր:
Այցի ավարտին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի: