Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը վաղ առավոտից գտնվում են ոստիկանության բաժանմունքներում բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման խնդիրները վերհանելու և պաշտպանությունն ապահովելու համար։
ՄԻՊ-ի տարածած հայտարարությունում նաեւ ասվում է. «Մինչ այս պահը ԶԼՄ հրապարակումների և տեսանյութերի ամփոփման արդյունքում Պաշտպանն արձանագրում է, որ մի շարք դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից բերման են ենթարկվում նաև առերևույթ հավաքին մասնակից չդարձած անձինք՝ ճանփեզրերից, մայթերից։
Պաշտպանի դիտարկմամբ անընդունելի է համատարած ակցիայի իրականացման վայրից կամ դրան հարող տարածքից անձանց ազատությունը սահմանափակելու գործելաոճը։ Մյուս կողմից, ակցիաների մասնակիցները պարտավոր են կատարել ոստիկանության ծառայողների հասցեական ու հստակ պահանջը՝ խուսափելով վարչական ձերբակալումից։
Միաժամանակ, պետք է նշել, որ այսօրվա մինչ այս ժամի մշտադիտարկմամբ ակնհայտ է, որ որոշ դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից ճանապարհների երթևեկելի մասն ազատելու պահանջից հետո ակցիաների մասնակիցներին տրամադրել են ողջամիտ՝ 5 րոպե ժամանակ այն կատարելու համար, և ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման դեպքերում հիմնականում անձանց վարչական ձերբակալման անհրաժեշտություն չի առաջանում», - ասված է ՄԻՊ հաղորդագրությունում։
Նշենք, որ ոստիկանությունը չորեքշաբթի օրը քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաների ժամանակ բերման է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող փողոցները փակած 277 ակտիվիստի։
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ապրիլի 25-ից տեղի են ունենում ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ Արթուր Վանեցյանի "Պատիվ ունեմ" խորհրդարանական դաշինքի կողմնակիցները:
Դրա պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հայկական կողմի "նշաձողի իջեցման" հնարավորության մասին։
Ակտիվիստները ցերեկը փակում են փողոցները, պիկետներ կազմակերպում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ երեկոյան երթեր են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով։ Ընդդիմությունը վրաններ է տեղադրել Երևանի կենտրոնում։