Կառավարությունը որոշել է 4,7 մլրդ դրամ հատկացնել ավտոճանապարհների հիմնանորոգման համար
ՀՀ պետական բյուջեից 4 մլրդ 750 մլն դրամ հատկացնել պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրին։ Նման որոշում է կայացվել կառավարության մայիսի 13-ի նիստում:
Գումարը, ինչպես նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հատկացվում է, քանի որ խոշոր ճանապարհաշինական աշխատանքներ կան, որոնք ավարտական փուլում են, իսկ որոշները նոր պետք է սկսվեն:
«Խոսքը Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Արենի-Արփի-Եղեգնաձոր 17․7 կմ հատվածի հիմնանորոգման մասին է, Վայոց Ձորի մարզում, Մ2 միջպետական ավտոճանապարհի Սարավան-Սարալանջ 16․9 կմ-ոց հատվածի հիմնանորոգման մասին է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ վերջին տարիներին ճանապարհների որակի առումով էական փոփոխություն է արվել:
Չնայած այդ փոփոխություններին, նրա խոսքով, դեպի Սյունիքի մարզ տանող հատվածն այն հատվածներից էր, որը դեռ որակի առումով էական խնդիրներ ունի։
«Վերջին անգամ, երբ եղել եմ այդ ճանապարհին, արդեն երևում է, որ այս հատվածների հիմնանորոգմամբ էականորեն որակական փոփոխություն կունենանք։ Հաջորդ հատվածը վերաբերում է Սյունիքի մարզի Վարդավան-Խդրանց-Ագարակ ճանապարհի 13․1 կմ հատվածի հիմնանորոգմանը, հաջորդը՝ Գեղարքունիքի մարզ Մ11 միջպետական նշանակության ավտոճանապարհի Մարտունի-Աստղաձոր 5․9 կմ-ոց ճանապարհահատվածի հիմնանորոգումն է։ Սրանք այն ծրագրերից են, որոնք կավարտվեն»,- ասաց նա։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ Սյունիքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի ունենալ իրավիճակ, որ Սիսիանի մինչև Տաթև կկառուցվի նոր ճանապարհ: «Սա կբերի նրան, որ Տաթևի ոլորաններից, ձորի բարդությունից կխուսափենք»,- ասել է նախարարը: