3.10.2024
Թուրքիան թշնամաբար էր տրամադրված Հայաստանի նկատմամբ. Մելքոնյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Մինչև կրակոցները վեճ է եղել Օգանովսկու եւ երիտասարդների միջև

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին, ձերբակալված է։ Արցախի դատախազությունը հայտնեց, որ նա կրակել է ավտոմեքենայի վրա, որում եղել են մի խումբ երիտասարդներ։ Մեր աղբյուրներն ասում են, որ մինչ կրակոցները վեճ է եղել գեներալի եւ երիտասարդների միջեւ: Օգանովսկին մեքենան փորձել է կայանել «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ-ի շենքի դիմաց, որի ղեկավարն է ինքը, եւ խնդրել է, որ երիտասարդներն իրենց մեքենան մի կողմ քաշեն, քանի որ մուտքը փակել են: Վիճաբանություն է սկսվել, եւ Կարապետյանը կրակել է, գնդակները դիպել են ասֆալտին ու մեքենայի դռանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ) եւ 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք): Դատախազությունից հայտնել էին, որ ձերբակալվել է Արցախի քաղաքացի Ս. Կ.-ն, սակայն Օգանովսկու ձերբակալության մասին լուրը տեւական ժամանակ չէին հաստատում, մասնավոր զրույցներում էլ ասում էին, թե առաջիկա ժամերին կարող է իրավիճակը փոխվել։ Արցախում բոլորը գիտեն, որ Օգանովսկին մեծ դեր է խաղացել Արայիկ Հարությունյանի ընտրության ժամանակ, մտերիմ է Արցախի նախկին նախագահների հետ»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունում ծայրահեղ լարված ու անառողջ մթնոլորտ է, պատգամավորների մեծ մասը շատ նեղված է այս վիճակից, նեղ շրջանակներում դժգոհություններ են հնչում, թե «էլ դիմանալ չի լինում, փողոց դուրս գալ չի լինում, շատ թաթախվեցինք, դեռ այս երկրում պետք է ապրենք»: Դժգոհությունների ու լարվածության բավականին առիթ կա նաև սեփական թիմակիցներից: Մասնավորաբար, Վահագ Ալեքսանյանը խմբակցության պատգամավորների կողմից նոր մականուն է ստացել «գեստապոյական» որակմամբ՝ նրա համար, որ Փաշինյանի մոտ շարունակաբար «բոչկա է գլորում» այն պատգամավորների վրա, որոնք ընդդիմության, «նախկինների» մասին գրառումներ կատարելու առումով պասիվ են կամ ընդհանրապես «չկան»: Դժգոհություն կա նաև խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանից, որ նա պաշտոնական հնարավոր բոլոր պատվիրակությունների կազմում ընդգրկվում է և բյուջեի հաշվին շրջագայում: Նա էլ է թիմակիցների կողմից մականուն ստացել՝ «տուրիստ»: Մի խոսքով, իշխանության ճամբարում արշալույսներն ամենևին էլ խաղաղ չեն, ինչպես փորձում են ներկայացնել հանրությանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի ամբիոնից 2014-ի մարտի 24-ին այն ժամանակ դեռ ՀԱԿ խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ «արագաչափերի ընկերության հետեւում կանգնած է Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը: Ասում եք` ո՞ւր են գնում գումարները. ո՞ւր են գնում, Սերժ Սարգսյանի ընտանիքին է գնում: Նախկինում հանրային գիտակցության մեջ Սերժ Սարգսյանի եղբայրը ընկալվում էր՝ որպես սրա-նրա բիզնեսների մեջ «փայ մտնող», հիմա ինքը փաստացի յուրաքանչյուր վարորդի ընտանեկան բյուջեի մեջ «փայ է մտնում»….»։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը արագաչափ-տեսախցիկներից ու այն կոնկրետ մի մարդու բիզնեսը համարելու մասին խոսում էր միշտ՝ թե՛ որպես ՀԱԿ խմբակցության պատգամավոր, թե՛ որպես «Ելք» խմբակցության ղեկավար, թե՛ 2018-ին՝ Գյումրիից Երեւան քայելելու ժամանակ: 2018-ի ապրիլյան քայլերթի օրերին, երբ Փաշինյանը յուր թիմի հետ Գյումրիից Երեւան էր քայլում, հերթական անգամ էր ակնարկում, որ տեսախցիկների «բիզնեսն» Ալեքսանդր Սարգսյանինն է:«Նամակ ստացա այսօր, Կարծեցի՝ կանչում են ճաշի, Բացեցի, ախորժակս փակվեց, Վճարի՛ր 5000. Սաշիկ»,- «Արութին Զիմզիմովին սրտառուչ բարեւներ հղելով»՝ ասում էր Փաշինյանը: Մի քանի օր անց նա «անտիսաշիկ 2» ակցիան էր իրականացնում՝ արագաչափի վրա ՔՊ կուսակցության լոգոն փակցնելով: 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո՝ 2019-ի հունվարի 23-ին, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը հայտարարում է. «Տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց՝ դեռեւս 2013 թվականից: Որպես ծառայության մատուցում՝ դա հանձնարարվել է «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությանը եւ որեւէ մեկի սեփականությունը չէ: Այդ ամբողջ գույքը պատկանում է պետությանը, եւ այդ գործառույթն իրականացվում է պետության կողմից: Սա ոչ մեկի բիզնեսը չէ»: Այսպիսիով, Փաշինյանի եւս մեկ «փաստ», պարզվում է, լկտի սուտ է: Նրան հերքողը սեփական թիմակիցն է»:


«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ներկայումս ակտիվորեն քննարկում են ընդդիմությանը, ավելի կոնկրետ՝ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններին տարբեր գործիքակազմերով «պատժելու» հնարավորությունները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ «ճանապարհին» քննարկվում է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցը: Խոսքը, տարբեր տեղեկություններով, 12-15 պատգամավորի մասին է, իսկ «հիմքը» մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելը: Սակայն խնդիրն այն է, որ այս հարցով Սահմանադրական դատարան մտնելու համար անհրաժեշտ են ամրակուռ ապացույցներ, որ բացակայություններն անհարգելի են: «Փաստին» հաջողվել է ճշտել այն պատգամավորների անունները, որոնք ընդգրկված են «պատժամիջոցների» ցուցակում՝ Իշխան Սաղաթելյան, Արմեն Ռուստամյան, Գեղամ Մանուկյան, Անդրանիկ Թևանյան, Արմեն Չարչյան, Լիլիթ Գալստյան, Արթուր Ղազինյան, Արթուր Վանեցյան և այլն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը միջազգային կառույցների հետ աշխատող խումբ է ստեղծել՝ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ղեկավարությամբ։ Միջազգային կառույցներին են ներկայացրել մարդու իրավունքների խախտումների, ոտնահարումների դեպքերը՝ կոչ անելով գնահատականներ հնչեցնել։ Խմբում են պատգամավորներ Աննա Մկրտչյանը, Էլինար Վարդանյանը, Արթուր Ղազինյանն ու Արթուր Խաչատրյանը։ Սակայն նրանք ի սկզբանե դեմ են եղել գործընթացին, քանի այդ կառույցներին համարում են Փաշինյանի հովանավորը։ Գրագրությունն իրականացնում է հիմնականում Թովմասյանը։ Նամակներ են ուղարկվել ոչ միայն արեւմտյան կառույցներին, այլեւ՝ ռուսներին։ Արեւմտյան կառույցներն իրենց պահում են այնպես, ինչպես 44-օրյայի ժամանակ՝ հավասարության նշան դնելով իշխանության եւ ցուցարարների միջեւ։ Իսկ ռուսները տեղեկացրել են, թե հետեւում են իրադարձություններին։ Արթուր Ղազինյանն ասաց․ «Տեղեկացնում ենք իշխանությունների թույլ տված ապօրինությունների, խաղաղ ակցիաների դեմ ոստիկանության բիրտ ուժի կիրառման, մարդու իրավունքներին առնչվող բազմաթիվ խախտումների մասին․․․ Իհարկե, աշխարհաքաղաքական շահերը կարեւոր են, բայց դժվար կլինի այդ կառույցներին բացահայտ արհամարհել իրենց իսկ հռչակած արժեքներն ու սկզբունքները»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ընդդիմությունն անսպասելիորեն հայտնվեց Երեւանի քաղաքապետարանի մոտ եւ գրեթե մեկ ժամ փակեց շենքի ելումուտը։ Քաղաքապետարանի աշխատողները պատուհաններից հետեւում էին ակցիային։ Ոստիկանական լրացուցիչ ուժեր բերվեցին․ հավանաբար, իշխանությունը մտավախություն ունի, որ ընդդիմությունը կարող է գրոհել պետական շենքերի վրա։ Բայց քայլերթի մասնակիցները մեկ ժամից ազատեցին տարածքը եւ երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ՝ հանրահավաքին մասնակցելու»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նաիրի Սարգսյանը, որը 4 տարի վարչապետի օգնականն էր ու տարեսկզբին ազատվեց պաշտոնից եւ, ինչպես ժամանակին գրել ենք, տիկտոկեր է դարձել, հիմա էլ որոշել է բիզնեսով զբաղվել՝ հայտնի գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ։ Վերջինս սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է: Տեր-Ղազարյանը լուրջ կապեր ունի արտերկրում, հատկապես՝ Մերձավոր Արեւելքում, հայտնի է նաեւ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների հետ կապերով: Նաիրի Սարգսյանը, մեր տեղեկություններով, նշանակվել է Տեր-Ղազարյանի ընկերություններից մեկի փոխտնօրեն, արդեն մեկ աշխատանքային այց է կատարել Դուբայ եւ այնտեղ իր հանգիստը «լուսաբանել» Տիկ-Տոկում։ Գործարարը վերջերս գնել է Կոմիտասի շուկան, ասում են՝ հույս է ունեցել, որ Նաիրին կբարեխոսի Նիկոլ Փաշինյանի մոտ, որպեսզի չխոչընդոտեն այնտեղ իրականացվելիք մեծամասշտաբ շինաշխատանքները, քանի որ ծրագրել են եվրոպական չափանիշներին համապատասխան առեւտրի կենտրոն կառուցել։ Սակայն Փաշինյանն ուղարկել է Երեւանի ապագա քաղաքապետացու Տիգրան Ավինյանի մոտ, ով, ըստ մեր տեղեկությունների, մերժել է բիզնես գործընկերներին»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է՝ քպական պատգամավորները գնալով ավելի ու ավելի մեծ խնդիրներ ունեն, այսպես ասած, «մարդամեջ» դուրս գալու, որովհետև պարբերաբար հայտնվում են տհաճ վիճակներում: Օրերս ԶԼՄ-ներով տեղեկություն տարածվեց, որ Երևանի սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել քպական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ: Նշվում էր, որ եղել է նույնիսկ քաշքշուկ: «Փաստ» թերթն այս միջադեպի հետ կապված նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեր աղբյուրները հայտնում են, որ սրճարանում նստած Հովիկ Աղազարյանը, տեսնելով ընդդիմության՝ կողքով անցնող երթը, հայհոյել է, ինչին արձագանքել են հենց սրճարանում նստած քաղաքացիները, որոնք բառիս բուն իմաստով Աղազարյանի «պորտը տեղն են դրել»: Արդյունքում պատգամավորն այնպիսի վիճակում է հայտնվել, որ պարզապես ճողոպրել է սրճարանից: Կան տեղեկություններ, որ առանձին միջադեպեր այլ պատգամավորների հետ ևս եղել են, սակայն իշխանություններն ամեն ինչ անում են, որ այսպիսի դեպքերը հանրային մեծ հնչեղություն չստանան ու թիմակիցների շրջանում առկա վախերը չխորանան: Սակայն, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, միևնույնն է, քպականների մեծ մասը ծայրահեղ զգուշավորություն է ցուցաբերում՝ հանրության պարսավանքին դեմ առ դեմ «չծանոթանալու» համար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ հաշվեքննիչ պալատը փետրվարի 14-ից մինչեւ ապրիլի 30-ը ուսումնասիրություններ է իրականացրել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հաշվեքննիչ պալատն Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մի շարք անհամապատասխանություններ է հայտնաբերել: Սննդի պատրաստման համար նախատեսված կոմունալ ծախսերի, ճաշարանի, խոհանոցի բանվորներին եւ օգնականներին, աշխատող դատապարտյալներին վճարվող աշխատավարձերի բաշխման գործընթացում խեղաթյուրում է արձանագրվել: Այս ծախսերը կատարվել են քրեակատարողական հիմնարկների հաշվին՝ մատակարարի փոխարեն, որը նախատեսված չի եղել պայմանագրով: Խոսքը ավելի քան 5.5 մլն դրամի մասին է: Բացի այս, Պալատը «Կոշ» ՔԿՀ-ի 630 ԿՎԱ տրանսֆորմատորի, էլեկտրական սարքավորումների եւ մոնտաժման աշխատանքների հարցում եւս 4 մլն 384 հազար դրամի չափով խեղաթյուրում է հայտնաբերել: «Արմավիր» ՔԿՀ-ի վարչական մասնաշենքի տանիքի վերակառուցման մասով խեղաթյուրումը կազմել է 16 մլն 516 հազար դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ 2021 թվականի ընթացքում ջրամատակարարման եւ ջրահեռացման գծով ծախսերը սահմանված նորմաներից ավելին են կազմել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քննչական կոմիտեն եւ Գլխավոր դատախազությունը լուրջ վեճ են ունեցել. պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանության ավտոմեքենայի հարվածի հետեւանքով գրանցված վրաերթն է, որի պատճառով երիտասարդ աղջիկ մահացավ: Բանն այն է, որ դատախազությունը ցուցում է տվել, որը, սակայն, Քննչական կոմիտեն որոշել է չկատարել: Ինչպես հայտնի է, 2022թ. ապրիլի 29-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել երիտասարդ աղջկան վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Ա. Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ինչպես նաեւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Եվ, ահա, այս որոշումից հետո սկսվել է իրավապահ համակարգի կռիվը: Գործը հսկող դատախազը կոմիտեի քննիչից պահանջել է վերացնել այդ որոշումները, քննել նաեւ վարորդի՝ դեպքի վայրը լքելու հանգամանքը եւ կալանավորման միջնորդության հարցը քննարկել: Այս ցուցումը կոմիտեի դուրը չի եկել, եւ թեժ քննարկման են բռնվել դատախազության հետ, առարկություններ ներկայացրել, ինչը մերժվել է դատախազության կողմից: Չի բացառվում, որ երկու ուժային կառույցների վեճը այն աստիճան թեժանա, որ որոշվի քրեական գործը ուղարկել ԱԱԾ: Ասել է թե՝ դատախազի միակ հույսը իր ցուցումները կատարելու համար մնացել է ԱԱԾ-ն, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներքին տարաձայնություններ ունեն: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է այդ թեմային, եւ հիմա էլ Քննչական կոմիտեն է սկսել դատախազության ցուցումների դեմ ընդվզել, մինչդեռ դա օրենսդրական խիստ պահանջ է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին եւ նրա կնոջը՝ Արմինե Հարությունյանին պատկանող գույքը կալանքի տակ է: Հայցը ներկայացրել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը՝ միջնորդելով գույքի վրա կալանք կիրառել՝ որպես հայցի ապահովման միջոց: Տպավորություն է, թե Ռուսլան Բաղդասարյանն ահռելի քանակության գույք ունի: Ի՞նչ գույքի մասին է խոսքը: «Այս փուլում գույքի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվում»,- պատասխանում են դատախազությունից: Սակայն մենք պարզեցինք, որ խոսքն ընդամենը մեկ բնակարանի եւ մեկ «Camry» ավտոմեքենայի մասին է: Ռուսլան Բաղդասարյանին ծանուցել են գործընթացի վերաբերյալ: Նրա փաստաբան Հրանտ Անանյանը «Հրապարակին» հայտնեց, որ առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից, քանի որ նոր է ստացել գործի նյութերը եւ դեռ մանրամասն չի ծանոթացել դրանց: Որոշ տեղեկություններ որսալ, այնուամենայնիվ, հաջողվեց: Պարզվում է՝ դատախազությունը ոչ թե հայց է ներկայացրել, այլ լուրջ ու քրտնաջան աշխատանք է կատարել՝ վերհանել է, թե ՀՀԿ անդամ Ռուսլան Բաղդասարյանը որքան ծախս է կատարել վերջին 20 տարվա ընթացքում, ապա հաշվել է նրա գրանցված եկամուտը եւ, համեմատելով թվերը, որոշել, որ նախկին թաղապետի ծախսերը գերազանցում են գրանցված եկամտի չափը:


«Հիմա ընդամենը նայում ենք՝ ճի՞շտ են հաշվել, թե՞ ոչ, որովհետեւ տարիների հաշվարկ են կատարել: Երկրորդ հարցն էլ այն է, որ արդյոք, եթե իրենք գրանցված եկամուտ չեն տեսել, նշանակո՞ւմ է, որ դա անօրինական եկամուտ է եղել: Այսինքն՝ միանձնյա ուսումնասիրություն է կատարվել, առանց կոնկրետ փաստարկներ նախանշելու: Հիմա ուսումնասիրության փուլում ենք, ծանոթանալուց հետո մենք էլ դիրքորոշում կհայտնենք»,- ասում է Հրանտ Անանյանը: Փաստաբանը վրդովված է այն հանգամանքից, որ առանց իր պաշտպանյալին ծանուցելու, առանց նրա փաստարկները լսելու, առանց կարծիքը հաշվի առնելու միանգամից «ավտոմատ» մտցրել են հրապարակային դաշտ՝ հաղորդագրություն տարածել, խաղալով նրա հեղինակության հետ: Նա կարծում է, որ Դավթաշենի նախկին թաղապետի նկատմամբ իրականացվող գործընթացում քաղաքական կոմպոնենտ կա: «Մի բնակարան ու մի ավտոմեքենա ունեցողի հետեւի՞ց են ընկել»,- հարցնում է նա:


Իշխանությունների բացասական վերաբերմունքը ՀՀԿ-ական Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ ձեւավորվել է դեռեւս 2019 թվականին, երբ վերջինս կոնֆլիկտ էր ունեցել Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Այն ժամանակ Մարությանի եւ նիկոլականների առուները դեռ չէին բաժանվել, իսկ Բաղդասարյանը տարբեր առիթներով անխնա քննադատում էր Հայկ Մարությանին՝ մեղադրում էր նրան անարդյունավետ ու քաղաքի բյուջեի համար թանկ, «երեւանցիների» հաշվին աղբահանություն կազմակերպելու, մայրաքաղաքն «ուզվոր Կարապետ» սկզբունքով կառավարելու, տնտեսվարողներից ու սփյուռքից գումարներ մուրալու մեջ: Այն ժամանակ իշխանությունները Բաղդասարյանի դեմ գործ էին հարուցել մի քանի հոդվածով՝ է՛լ յուրացում, է՛լ պաշտոնեական կեղծիք, է՛լ փաստաթղթերի կեղծում: Տարել էին կալանքի, սակայն դատարանը մերժել էր կալանքի միջնորդությունը, հետո էլ գործը կարճվել էր՝ հիմքեր չլինելու պատճառով: Սակայն իրավապահները ոչ մի կերպ չեն ցանկանում հանգիստ թողնել Բաղդասարյանին: Ըստ Հրանտ Անանյանի՝ Բաղդասարյանին եւ նրա կնոջը պատկանող գույքի վերաբերյալ վարույթն ածանցվել է հենց այս կարճված գործից, որպեսզի քրեականից դուրս վարույթ լինի: «Օրենքը շատ անհստակ է այս մասով: Ստացվում է՝ մեկին կարող են որպես մեղադրյալ ներգրավել, հետո մի ժամանակ անց կարճել, բայց այն, որ մեղադրյալ են ներգրավել, դա արդեն առիթ է, որ նրա նկատմամբ ապօրինի գույքի հետ կապված ուսումնասիրություն սկսվի: Եվ այն, որ նախնական գործն արդարացման հիմքով կարճվում է, էլ ոչ մեկին չի հետաքրքրում»,- բացատրում է Հրանտ Անանյանը: Այսպես՝ իշխանության քննադատները, անցանկալիները մշտապես պահվում են գույքի բռնագանձման դագանակի տակ, իսկ քրեական վարույթները լավ առիթ են այդ վարույթները հարուցելու համար, անկախ դրանց հետագա ճակատագրից»:


 

Ուղիղ մի տարի է Ադրբեջանը Սև լճի կողմից մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք. Արտակ Զաքարյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում